16:03  ,  8 նոյեմբերի, 2014

Բունդեսլիգա. «Բավարիայի» ֆրանկֆուրտյան արշավը

Նոյեմբերի 8-ին Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում կհյուրընկալվի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

«Բավարիա»

Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ մյունխենյան սուպերակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանք ակնհայտորեն վճռական են նվաճել Բունդեսլիգայի 25-րդ չեմպիոնական տիտղոսը, ու թեեւ ընդամենը 11-րդ տուրն է այս շաբաթ, դեռ ոչ մի մրցակցի չի հաջողվել առաջատարին մատնել պարտության։ Նախորդ տուրի «Բավարիա» - «Բորուսիա»  խաղում դորտմունդցիները բացահայտ առավելությամբ անցկացրին առաջին խաղակեսը, սակայն Գվարդիոլայի ժամանակին կատարած փոփոխությունները տվեցին ցանկալի արդյունքը՝ 2։1։

Մոտ երկու ամիս «Բավարիային» չի կարողանա օգնել ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան` «Հռոմի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում ստացած վնասվածքի պատճառով:

«Բավարիայի» հավանական մեկնարկային կազմը. Նոյեր, Բոատենգ, Դանթե, Բենատիա, Լամ, Ալոնսո, Բերնատ, Ռոբեն, Մյուլեր, Ռիբերի, Լեւանդովսկի:

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ

«Այնտրախտը»  մրցաշրջանի լավ մեկնարկ ունեցավ թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆի գլխավորությամբ: Սակայն նախորդ ամսում նրանք գրանցեցին հետընթաց: Նախորդ տուրում «Այնտրախտին» չհաջողվեց գրավել «Հանովերի» դարպասը, ինչը չհաջողվեց անել նաեւ հանովերցիներին, իսկ ֆրանկֆուրտցիների պարտության մեղքն ամբողջությամբ Ալեքսանդր Մադլունգի ուսերին է, ում հեղինակած ինքնագոլն ապահովեց «Հանովերի» հաղթանակը:

«Այնտրախտը» մտնում է առաջնության ամենածանր փուլը։ Երեք պարտությունից հետո թիմը առաջիկա երեք խաղերում «Բավարիայից» բացի, կմրցի նաեւ առաջատար դիրքերում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ «Այնտրախտն» ընդամենը 5 միավոր է վեր Բունդեսլիգայից դուրս մնալու գոտուց։ Լուրջ խնդիր է նաեւ կադրայինը։

Վնասվածքների պատճառով խաղից դուրս են մնացել Տրապը, Ջակլան, Հերեցգիյերը, Սամբրանոն, Ֆլյումը, Լանիգը, Ռոզենտալը, Վալդեսը, Վալդշմիդտը։

Կհաջողվի՞ «Այնտրախտին» լուրջ խնդիրներ առաջադրել «Բավարիայի», որը այս փուլում ֆուտբոլային չափման միավոր է Գերմանիայում՝ 24 միավոր, 7 հաղթանակ, 23 գնդակ, 3 բաց թողած գոլ։ «Այնտրախտը» 12 միավորով 12-րդ տեղում է՝ 3-ական հաղթանակ եւ ոչ ոքի, 4 պարտություն։

Նախորդ չորս հանդիպումներում մյունխենցիները պարտության են մատնել ֆրանկֆուրտցիներին: Բուքմեյքերական գրասենյակները եւս չեն կասկածում, որ կհաղթեն հյուրերը։ «Այնտրախտի» հաղթանակի գործակիցը 13 է, «Բավարիայինը»՝ 1.20։ Ոչ ոքին ստացել է 6 գործակից։

«Այնտրախտի» հավանական մեկնարկային կազմը. Վիդվալդ, Չանդլեր, Մադլունգ, Անդերսոն, Օչիպկա, Ռուս, Հասեբե, Այգներ, Ինուի, Մայեր, Սեֆերովիչ:

Ի՞նչ են ասում մարզիչները

 

«Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Վոլֆսբուրգի» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 4 միավորի առավելությունն առաջնության այս փուլում համարում է չնչին։ Նա նաեւ անհանգստացած է Դավիդ Ալաբայի կորստի պատճառով։ Հավասարազոր փոխարինող չկա մյունխենցիների կազմում.

«Մեզ հետապնդողների նկատմամբ առավելությունը մենք պետք է փորձենք մեծացնել Ֆրանկֆուրտում։ «Այնտրախտի» խաղը վերլուծելը բավական բարդ է։ Թոմաս Շաաֆի գլխավորությամբ նրանք նոր մարտավարություն են կիրառում։

Նոր խնդիր է Ալաբայի բացակայությունը։ Նա կարող էր խաղալ տարբեր դիրքերում։ Այդ որակի համարժեք փոխարինող չունենք»։

«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆի համար պարտությունը «Բավարիայից» անակնկալ չի լինի.

«Մեր թիմը նախորդ հանդիպումներում չի փայլել։ Այս արդյունքներով շատ հավանական է մեր պարտությունը, սակայն չեմ կարծում, որ պետք է խիստ անհանգստանալ, մենք պետք է պահպանենք մեր հավասարակշռությունը եւ ամեն ինչ անենք լավ խաղալու համար: Թիմի համար բարդ իրավիճակ է, ժամանակ է անհրաժեշտ՝ հարմարվելու տեղի ունեցող փոփոխությունների հետ»:

«Այնտրախտ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում