20:22  ,  26 հոկտեմբերի, 2014

Սուարես. «Էլ Կլասիկոյից» 1.5 ժամ առաջ իմացա, որ լինելու եմ մեկնարկային կազմում

Ուրուգվայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում:

«Շատ ուրախ եմ, որ դարձյալ կարող եմ խաղալ: Որակազրկումս ավարտվեց, իսկ դա շատ մեծ սփոփանք է: Այս խաղի արդյունքի պատճառով ունեմ երկակի զգացողություններ: «Բարսելոնան» մեկ անգամ չէ վերականգնվել պարտություններից հետո: Իհարկե, բարդ էր նորամուտը նշել հենց այսպիսի խաղում, սակայն փորձեցի անել այն, ինչ կարողանում եմ: Մեր թիմը փորձում էր գրոհել, սակայն մրցակիցը մահացու ուժեղ էր հակագրոհում:

Պետք է վերլուծենք այս խաղը: Չէի սպասում, որ կխաղամ 90 րոպե: Մարզիչի հետ չէինք քննարկել, թե ինչքան եմ խաղալու: Խաղից 1.5 ժամ առաջ իմացա, որ լինելու եմ մեկնարկային կազմում»,- Սուարեսի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» «Ռեալը» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով, իսկ Սուարեսը հոկտեմբերի 25-ին առաջին պաշտոնական խաղն անցկացրեց 4-ամսյա որակազրկումից հետո՝ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղալով 69 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում