12:06  ,  15 հոկտեմբերի, 2014

Սմբատ Լպուտյան. Հայաստանի՝ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն օրինակ է շատ երկրների համար

«Շախմատը դպրոցներում» ծրագրով Հայաստանը օրինակ է շատ երկրների համար: Երեւանում կայանալիք միջազգային գիտաժողովում Հայաստանն իր փորձը կփոխանցի 31 երկրների ներկայացուցիչներին:

Այս մասին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Ասուլիսը նվիրված է Երեւանում կայանալիք «Շախմատը դպրոցում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 16-18-ը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Կցանկանամ ուրախացնել մեր հասարակությանը, քանի որ Երեւանում կայանալու է միջազգային գիտաժողով, որին մասնակցելու են 31 երկրների ներկայացուցիչների: Թեման՝ Շախմատը դպրոցներում: Բոլոր մայրցամաքներում այս ուղղությունը լուրջ քայլերի վրա է: Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատն ընդգրկել է կրթական համակարգ եւ Հայաստանի փորձն ու աշխատանքը հետաքրքրել է ամբողջ աշխարհին: Կան երկրներ, նույնիսկ՝ ԱՄՆ-ը, որոնք մասնակից դպրոցներում փորձում են իրականացնել, բայց ամբողջական կրթական համակարգում միայն Հայաստանն է շախմատը որպես առարկա կիրառում: Նման գիտաժողովներ եղել են Անգլիայում եւ Ռուսաստանում: Անցյալ տարվա լոնդոնյան կոնֆերանսից հետո որոշվեց հաջորդն անցկացնել հենց Հայաստանում:

2011-ին, երբ այս ծրագիրն ընդգրկվեց Հայաստանի կրթական համակարգում, ծրագրի շուրջ սկսեցին իրականացվել հսկայածավալ աշխատանքներ, այդ թվում՝ կազմվել են հոգեբանների եւ սոցիոլոգների խմբեր, որոնք անցկացնում են գիտական հետազոտություններ մի քանի փուլերով՝ պարզելու շախմատի դասավանդման արդյունավետությունը, շախմատ առարկայի ազդեցությունը երեխաների տրամաբանության, ստեղծագործական մտածողության, ինտելեկտի եւ այլ հատկանիշների զարգացման վրա: Ուստի, այս գիտաժողովը կլինի մասնակիցների եւ բոլոր ներկաների համար փորձի փոխանակման հիանալի առիթ, ինչը կխթանի շախմատի հետագա զարգացման եւ նրա դերի ու կարեւորության բարձրացմանը կրթական համակարգում:

Շնորհակալ ենք երկրի նախագահին, որ հասկացավ, գնահատեց եւ կարեւորեց շախմատի դերը երեխայի զարգացման հարցում եւ կատարեց այդ մեծ քայլը՝ շախմատի մուտքը դպրոցներ: Նաեւ դրան նպաստեցին ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքները: Այսօր մենք այս ծրագրով օրինակ ենք շատ երկրների համար:

Գիտաժողովում կքննարկվեն թեմաներ՝ «Շախմատը դպրոցներում» ծրագրի նախապատրաստական աշխաատանքներ, ծրագրի կազմակերպչական աշխատանքները, շախմատի մեթոդական ուղղությունները, գիտական հետազոտություններ Հայաստանի դպրոցներում, շախմատի ուսումնահետազոտական լաբորատորիա, սոցիոլոգիական հետազոտություններ դպրոցներում, շախմատի ուսուցիչների պատրաստումը եւ վերապատրաստումը, երեխաների անհատական եւ դպրոցների միջեւ հեռահար ուսուցումը, ինչպես նաեւ ուսուցիչների պատրաստումը: Կհնչեն նաեւ զեկույցներ մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից, կներկայացվի նաեւ դրսի փորձը: Չեմ մեծարում մեզ, բայց գիտաժողովի ընթացքում ամենահետաքրքիր զրույցները կլինեն Հայաստանինը»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Լուսինե Շահբազյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում