21:50  ,  14 հոկտեմբերի, 2014

Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Երեւանում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին Երեւանում ընկերական խաղ անցկացրեց ԱԱ-2014-ին մասնակցած ֆրանսիացիների հետ՝ պարտվելով 0:3 հաշվով: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հյուրերից աչքի ընկան Լոնդոնի «Չելսիի» նորեկ Լոիկ Ռեմին, «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը:

Սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեկ փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում՝ վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով ռուսական «Զենիթի» 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով նորամուտը նշեց ազգային թիմում:

Երկու թիմերն էլ բավական ակտիվ սկսեցին խաղը: Առաջին խաղակեսում ֆրանսիացիներն ունեին տարածքային ու խաղային ոչ մեծ առավելություն եւ ստեղծեցին մի քանի գոլային պահ, որոնցից իրացրին մեկը: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Լոիկ Ռեմին: Մեկնարկային 45 րոպեներին Հայաստանի հավաքականը եւս ակտիվ է առջեւի գծում եւ 2 անգամ անհանգստացրեց «Մարսելի» դարպասապահ Ստիվ Մանդանդային: Երկու դեպքում էլ հարվածային դիրքում հայտնվեց ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ում հարվածներից մեկը շեղ ընթացավ, իսկ մյուսից հետո Մանդանդան փրկեց ֆրանսիացիներին: Ընդմիջումից րոպեներ առաջ Հայաստանի թիմին գոլից փրկեց նաեւ 40-ամյա Ռոման Բերեզովսկին, ով հետ մղեց «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակի հարվածը:

Ընդմիջումից հետո ֆրանսիացիների առավելությունը հսկայական էր: Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ հյուրերը կառավորում էին խաղը: 55-րդ րոպեին փախարինման դուրս եկած Պոլ Պոգբան, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, վաստակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ժինյակը: Երկրորդ խաղակեսում թիմերի մարզիչները կատարեցին մի շարք փոխարինումներ, իսկ Բեռնար Շալանդն ավելի շատ թարմացնում էր պաշտպանությունը, որը սխալվեց 83-րդ րոպեին: Անտուան Գրիզմանը մեն-մենակ դուրս եկավ Բերեզովսկուն փոխարինած Գեւորգ Կասպարովի դեմ՝ վերջակետ դնելով խաղին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Հայաստանի եւ Ալբանիայի հետ: Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ հյուրընկալվելով Պորտուգալիային:

Ընկերական խաղԵրեւան 

Հայաստան – Ֆրանսիա՝ 0:3

Լոիկ Ռեմի, 7, Անդրե-Պյեր Ժինյակ, 55 (11մ.), Անտուան Գրիզման, 83

Հայաստան. Ռոման Բերեզովսկի (Գեւորգ Կասպարով, 61), Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Նորայր Ասլանյան, 90), Արթուր Եդիգարյան (Արտակ Դաշյան, 58), Մարկոս Պիզելի (Ալեքսանդր Կարապետյան, 82), Արտյոմ Սիմոնյան (Ռումյան Հովսեփյան, 69), Արթուր Սարկիսով (Հովհաննես Համբարձումյան, 65):

Ֆրանսիա. Ստիվ Մանդանդա («Մարսել»), Կրիստոֆ Ժալե («Լիոն»), Ժերեմի Մաթյե («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Լյուկա Դինյե (ՊՍԺ), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ, Պոլ Պոգբա, 46), Մորգան Շնեյդերլին («Սաութհեմփթոն»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ», Անտուան Գրիզման, 60), Դմիտրի Պայե («Մարսել», Ռեմի Կաբելա, 60), Լոիկ Ռեմի («Չելսի», Մաթյե Վալբուենա, 73), Անդրե-Պյեր Ժինյակ («Մարսել», Քարիմ Բենզեմա, 87):

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում