22:26  ,  29 սեպտեմբերի, 2014

«Չելսին» ռեգբիի ստադիոն տեղափոխվելու մտադրություն ունի

«Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերակառուցման ժամանակ Լոնդոնի «Չելսին» մեկ մրցաշրջան կարող է հանդես գալ ռեգբիի հանդիպումներ ընդունող «Թուիքենհեմ» ստադիոն, որն ունի 82 հազար տեղ: Անգլիայի ռեգբիի միությունը հաստատել է, որ «Չելսին» դիմել է իրենց, հաղորդում է The Telegraph-ը: Այժմ 41 հազար տեղ ունեցող «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի տրիբունաները վերակառուցումից հետո կընդունեն 60 հազար ֆուտբոլասեր:

«Թուիքենհեմ» ստադիոնում երբեւէ չեն անցկացվել ֆուտբոլային հանդիպումներ: Այն չունի համապատասխան արտոնագիր: 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին «Թուիքենհեմում» կանցկացվեն ռեգբիի աշխարհի առաջնության հանդիպումներ: «Չելսիի» ստադիոնի վերակառուցումը նախատեսվում է ավարտել մեկ տարում, սակայն աշխատանքների սկսման ժամկետները դեռ որոշված չեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում