13:56  ,  24 սեպտեմբերի, 2014

ՀԱՖ նախագահ. ՀԱՖ-ը 20 տարում նույնիսկ չուներ կանոնակարգ

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց կատարված աշխատանքների եւ կազմակերպության մասին:

«Անցյալ տարվա մայիսից ղեկավարում եմ այս կառույցը: Բավական խրթին պատմություն տեղի ունեցավ։ Նախկին նախագահը 17 տարի գլխավորեց այս ֆեդերացիան: Ապա եղավ առաջարկություն՝ փոփոխություններ մտցնել ղեկավար կազմում: Մարզիկների եւ իմ կոլեգաների առաջարկությամբ եղավ իմ թեկնածությունն ընտրություններում: Դրանից հետո մենք ունեցանք համագումար, եւ ես ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ: Սակայն նախկին նախագահը բողոք ներկայացրեց դատարան: Ի վերջո, իմ գրանցումը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում տեղի ունեցավ միայն անցյալ տարվա մայիսին:

Ես կարողացել եմ այս կարճ ժամանակահատվածում որոշակի գործունեություն ծավալել: Վերջին 7 տարվա ընթացքում ՀԱՖ-ը Միջազգային ֆեդերացիայում զրկված էր ձայնի իրավունքից, մենք նույնիսկ տարեկան անդամավճարը տարիներ շարունակ չէինք վճարել: Մեր առաջին քայլը եղել է այն, որ վերականգնել ենք մեր իրավունքները եւ ձայնը միջազգային ֆեդերացիայում: Ես անձամբ ներկայացա միջազգային ֆեդերացիայի նախագահին եւ նա նույնիսկ զարմացավ, թե ինչպես այս վերջին ամիսների ընթացքում ՀԱՖ-ն ակտիվացրել է իր գործունեությամբ: Ակտիվությունն այն էր, որ մենք վերականգնեցինք մեր իրավունքները եւ սկսեցինք ինտենսիվ աշխատել նրանց հետ՝ կապված տարբեր հարցերի հետ: Մենք նույնիսկ մասնակցեցինք դրամաշնորհային ծրագրերին եւ մեկը շահեցինք: Բոլորը համարում էին, որ այս կառույցը Հայաստանում ընդհանրապես մահացած է: Մենք շահեցինք երիտասարդ ավտոմարզիկների ուսուցման դասավանդման ծրագիրը, որը կազմում է 58 հազար եվրո: Ավտոմոբիլային ֆեդերացիան իր պատմության մեջ առաջին անգամ գրանտային գումարներ բերեց ֆեդերացիային: Մենք առաջին անգամ ստեղծեցինք սպորտային կանոնակարգ: Տարօրինակ էր, բայց պետք է ասեմ, որ երկար տարիներ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կանոնակարգ չի ունեցել: Մինչեւ օրս ՀԱՖ-ը 20 տարիների ընթացքում չուներ կանոնակարգ եւ կանոնակարգված չէր: Դա 65 էջանոց մի փաստաթուղթ է, որը համապատասխանում է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին: Այսօր մեր մարզիկները գիտեն՝ ինչով պետք է առաջնորդվել:

Այս ամենը մենք արել ենք շատ կաճ ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է նախկին նախագահ Մկրտիչ Փիլթոյանին, իրականում այդ թեման ինձ այնքան էլ հետաքրքիր չէ:

Մկրտիչ Փիլթոյանն արդեն ընդունել է, որ ես եմ ֆեդերացիայի նախագահը: Ավելին՝ նա մեկ տարի եղել է խորհրդական եւ ստացել է 160 հազար դրամ աշխատավարձ:

2012 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀԱՖ-ի արտահերթ համագումարը, որի ժամանակ ես եմ ընտրվել նախագահ: Նախկին նախագահը դատարանով վիճարկեց դատական կարգով: Բացի դատարանից, գործը նաեւ ուղարկվեց արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը գտավ, որ համագումարի որոշումներy հակասում են կանոնադրությանը: Հետեւաբար այդ համագումարի որոշումները կարելի է չճանաչել: Մենք դիմեցինք դատարան Արդարադատության նախարարության դեմ: Արդարադատության նախարարությունը Հայաստանի դատարանում պարտվեց իմ հայցին: Եվ այդ օրվանից ես պաշտոնապես եւ օրինական դարձա Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ:

Մկրտիչ Փիլթոյանն այժմ ֆեդերացիայի պատվավոր անդամ է, մենք համապատասխան որոշում ենք ընդունել պատվավոր անդամներին հանձնել սերտիֆիկատներ, որ տանեն իրենց տուն եւ ամրացնեն իրենց պատվավոր պատին: Նրանք նաեւ կունենան արտոնություններ եւ կօգտվեն պատվավոր անդամ լինելուց՝ լինել ՀԱՖ անդամ եւ դրա համար անդամավճար չվճարել: Պատվավոր անդամը պատվաբեր է:

Մկրտիչ Փիլթոյանը դատարանի որոշման համաձայն ընդունեց, որ նա այլեւս նախկին նախագահն է, իսկ ես՝ գործող: Մեր հարաբերությունները աշխատանքային են: Մենք արդեն ունենք նաեւ գրասենյակ, որը չուներ այս ֆեդերացիան: Մկրտիչ Փիլթոյանը մեր միջոցառումներից շատերի աշխատանքներն է իրականացնում՝ որպես պաշտոնական անձ: Մենք աշխատում ենք, բոլոր հին կադրերին հնարավորինս շատ օգտագործել:

Եթե դուք ցանկանում եք իմ եւ Մկրտիչ Փիլթոյանի հարաբերությունները պարզել, ես կարող եմ ձեզ տալ հուլիսի 5-ին մեր հերթական համագումարի ընթացքում նախկին նախագահի ելույթի խոսքը, որը նա անձամբ ցանկացավ հնչեցնել եւ տեսեք նրա գնահատակը»,- ասաց Գագիկ Աղաջանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում