Կատալոնական «Բարսելոնան» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Առաջին տուրում կատալոնացիները սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասան կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի նկատմամբ: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն:
Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ իսպանական Պրիմերայի նախորդ տուրի խաղի համեմատ կատալոնական ակումբի մեկնարկային կազմում կատարել էր 9 փոփոխություն:
Խմբի մյուս խաղում հոլանդական «Այաքսն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն հանդիպեցին Ամստերդամում, որտեղ արձանագրվեց 1:1 հաշիվը: Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլին հոլանդացիները երկրորդ խաղակեսում պատասխանեցին դանիացի կիսապաշտպան Լասե Շյոնեի դիպուկ հարվածով:
G խմբում «Չելսին» Լոնդոնում 1:1 հաշվով ավարտեց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ խաղը, իսկ Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց սլովենական «Մարիբորի» հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսից հետո լոնդոնցիները հաղթում էին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը «Շալկեին» փրկեց պարտությունից: «Սպորտինգի» կազմում հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նանին, իսկ սլովենացիները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1:0
Խերարդ Պիկե, 28
«Այաքս» (Հոլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:1
Լասե Շյոնե, 74 – Էդինսոն Կավանի, 14
G խումբ
«Չելսի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 1:1
Սեսկ Ֆաբրեգաս, 11 – Կլաս-Յան Հունտելար, 62
«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:1
Լուկա Զահովիչ, 90+2 – Նանի, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում