Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» հաջող մեկնարկեց, «Չելսին» բաց թողեց հաղթանակը

00:37   18 սեպտեմբերի, 2014

Կատալոնական «Բարսելոնան» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Առաջին տուրում կատալոնացիները սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասան կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի նկատմամբ: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն:

Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ իսպանական Պրիմերայի նախորդ տուրի խաղի համեմատ կատալոնական ակումբի մեկնարկային կազմում կատարել էր 9 փոփոխություն:

Խմբի մյուս խաղում հոլանդական «Այաքսն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն հանդիպեցին Ամստերդամում, որտեղ արձանագրվեց 1:1 հաշիվը: Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլին հոլանդացիները երկրորդ խաղակեսում պատասխանեցին դանիացի կիսապաշտպան Լասե Շյոնեի դիպուկ հարվածով:

G խմբում «Չելսին» Լոնդոնում 1:1 հաշվով ավարտեց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ խաղը, իսկ Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց սլովենական «Մարիբորի» հետ՝ 1:1:

Առաջին խաղակեսից հետո լոնդոնցիները հաղթում էին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գոլի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը «Շալկեին» փրկեց պարտությունից: «Սպորտինգի» կազմում հաշիվը բացեց  «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նանին, իսկ սլովենացիները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

F խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1:0

Խերարդ Պիկե, 28

«Այաքս» (Հոլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:1

Լասե Շյոնե, 74 – Էդինսոն Կավանի, 14

 

G խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 1:1

Սեսկ Ֆաբրեգաս, 11 – Կլաս-Յան Հունտելար, 62

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:1

Լուկա Զահովիչ, 90+2 – Նանի, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։