17:48  ,  26 օգոստոսի, 2014

Արմեն Նազարյան. Ավելի լավ է ուշացած ջերմ ընդունելություն, քան բացարձակ անտարբերություն

Պետական կարգով նման մեծ ընդունելության հայրենիքում արժանանում եմ առաջին անգամ: Ուշ լինի, նուշ լինի… Թող բոլոր մարզիկներն էլ այսպես գնահատվեն ղեկավարության կողմից: Շատ հպարտ եմ եւ զգացված:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, ով  1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճելու եւ հայկական սպորտում ունեցած մեր ներդրման համար օգոստոսի 26-ին պարգեւատրվել է Հայաստանի սպորտի նախարարության ոսկե մեդալով:

«Նման ընդունելությունները, պարգեւատրումներն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարզիկի, որպեսզի դրսում նրանք պարզ ճակատով քայլեն եւ հպարտանան, որ գնահատվում են  հայրենիքում:

Այս պարգեւատրումը կդառնա մեծ հիշողություն իմ կյանքում: Այս մեդալով ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ Հայաստանի համար կարողացել եմ անել այն, ինչը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է: Ուրախ եմ, որ մեր ժողովուրդը եւ մասնավորապես մեր ղեկավարությունը սկսել է գնահատել մարզիկների քրտինքը»,-ասաց Արմեն Նազարյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե արդյոք ուշացած չէ այս պարգեւատրումը, հաշվի առնելով, որ Հայաստանի համար օլիմպիական ոսկե մեդալը նվաճել է 1996 թվականին Ատլանտայում, Արմեն Նազարյանն ասաց.

«Ավելի լավ է ուշացած ջերմ ընդունելություն, քան բացարձակ անտարբերություն: Ես 1996 թվականին տարբեր պատճառներից ելնելով, լքեցի Հայաստանը, չեմ ցանկանում նշել թե ինչու, որպեսզի հուսախաբ չանեմ մյուս մարզիկներին: Միայն ես չէի այդ տարիներին, բոլորն էլ դուրս եկան Հայաստանից: Բայց, փառք Աստծո, այսօր սպորտը գնահատվում է, եւ մեծ ներդրումներ են իրականացվում սպորտի զարգացման համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀԱՕԿ-ին եւ ՀԱՕԿ նախագահին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ջանքերով պահում են մեր հայկական սպորտը: Մենք ուժեղ ենք: Ճիշտ է` մի քանի մարզաձեւից ենք ուժեղ, բայց մեծ երկրների մեջ` 200 երկրի մեջ մենք ենք կարողանում հնչեցնել մեր հիմնը: Այս գնահատականը միայն իմը չէ, այլ` իմ մարզիչներինն է, ընկերներինը: Թող բոլորն էլ արժանանան նման պարգեւների»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով