12:50  ,  26 օգոստոսի, 2014

Արմեն Նազարյան. Հայաստանին օլիմպիական ոսկի բերելուց հետո առաջին անգամ կպարգեւատրվեմ հայրենիքում

Այսօր Հայաստանի սպորտի նախարարությունն ինձ պարգեւատրելու է ոսկե մեդալով: Հայաստանի համար  օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուց հետո սա առաջին անգամն է, որ ինձ հատուկ ուշադրության են արժանացնում, առաջին անգամ մեդալով են պարգեւատրում, որ հայկական սպորտում իմ ներդրումն եմ ունեցել: Շատ հաճելի է, որ սպորտի նախարարությունը որոշել է հատուկ ուշադրության արժանացնել Հայաստանի օլիմպիական չեմպիոններին, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, ով այս օրերին Երեւանում է:

Օգոստոսի 26-ին Սպորտի նախարարությունում տեղի է ունենալու նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Արմեն Նազարյանի հանդիպումը, որի ընթացքում օլիմպիական չեմպիոնը պարգեւատրվելու է ոսկե մեդալով՝ հայկական սպորտի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար, ինչպես նաեւ անկախ Հայաստանի առաջին, առայժմ միակ օլիմպիական ոսկին նվաճելու համար:  Հիշեցնենք, որ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանը ներկայացնում էր Հայաստանը եւ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի սպորտի նախարարը որոշել է պարգեւատրել Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ, աշխարհի ոսկե մեդալներ պարգեւած մարզիկներին: Այդ կապակցությամբ հայրենիքում եմ: Ինձ պարգեւատրելու են ոսկե մեդալով Հայաստանի սպորտի զարգացման մեջ իմ ներդրումն ունենալու համար: Միայն ես չեմ պարգեւատրվելու նման մեդալով, հաջորդաբար նաեւ բոլոր օլիմպիական չեմպիոնները, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները կպարգեւատրվեն: Սա շատ կարեւոր է յուրաքանչյուր մարզիկի համար, որ պետությունը քեզ պարգեւատրում է սպորտային հաջողության, երկրին ոսկե մեդալ բերելու առիթով: Սա իմ առաջին պարգեւը կլինի Հայաստանի համար օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո: Առաջին հանդիպումը կլինի սպորտի ղեկավարության հետ եւ առաջին անգամ կարժանանամ այդ ուշադրությունը: Սա ինձ համար մեծ ուշադրություն է: Շատ շնորհակալ եմ»,- ասաց Արմեն Նազարյանը:

Այս օրերին Չինաստանում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի բուլղարացի սաներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի:

«Իմ սաներից մեկն արդեն մի բրոնզե մեդալ է պարգեւել Բուլղարիային: Հպարտ եմ, որ իմ գլխավորած հավաքականին հաջողվել է Օլիմպիական խաղերում մեդալ նվաճել: Շնորհավում եմ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Միքայելյանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր հայ մեդալակիրներին, ամենակարեւորը՝ օլիմպիական չեմպիոն ծանրորդներին: Շատ ուրախ եմ հայ մարզիկների համար, սա ինձ համար մեծ հպարտություն է: Մյուս օլիմպիականներին մաղթում եմ հաջողություն Օլիմպիական խաղերում»,- հավելեց Արմեն Նազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով