01:30  ,  20 մայիսի, 2012

Լոնդոնի «Չելսին»՝ Եվրոպայի ուժեղագույն ակումբ

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսում լոնդոնցիները հազվադեպ էին գրոհներ կազմակերպում, բայց մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: «Բավարիան» տարածքային ու խաղային լուրջ առավելություն ուներ, ինչն արտահայտվում էր «Չելսիի» դարպասի մոտ ստեղծված վտանգավոր պահերով: Առաջին 45 րոպեների ընթացքում մյունխենցիներն ավելի հետաքրքիր ու վտանգավոր էին գործում, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: «Բավարիան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն լոնդոնցիները հիանալի էին պաշտպանվում: Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը՝ առաջ մղելով «Բավարիային»:
Թվում էր, թե մյունխենցիներն այլեւս բաց չեն թողնի այդքան մոտ թվացող հաղթանակը, սակայն հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Դիդյե Դրոգբան անկյունայինի խաղարկման արդյունքում խփեց լոնդոնցիների պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Հատկանշական է, որ մինչեւ այս գոլը «Բավարիան» 17 անկյունային էր իրացրել, իսկ լոնդոնցիներն առաջին անգամ էին անկյունայինի իրավունք ստանում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում Դիդյե Դրոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը գերազանց գործեց՝ որսալով գնդակը: Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով եւ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Չելսիի» խաղացողները:

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բավարիայից» վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը: Ֆիլիպ Լամը, Մարիո Գոմեսն ու Մանուել Նոյերը դիպուկ գտնվեց: «Չելսիից» վրիպեց միայն Խուան Մատան: Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդն ու Էշլի Քոուլն անվրեպ իրացրեցին հարվածները:

Չեմպիոնների լիգայում «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ «Չելսիին» առաջին անգամ հաջողություն բերեցին 11 մետրանոցները:

Չեմպիոնների լիգա. եզրափակիչ

«Բավարիա» - «Չելսի»՝ 1:1 (11 մետրանոցներ՝ 3:4)

Մյուլեր, 83 – Դրոգբա, 88

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Անատոլի Տիմոշյուկ, Ջերոմ Բոատենգ, Դիեգո Կոնտենտո, Բաստիան Շվայնշտայգեր, Թոնի Կրոս, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Իվիցա Օլիչ, 97), Թոմաս Մյուլեր, (Վան Բույտեն, 86) Մարիո Գոմես:

«Չելսի». Պետեր Չեխ, Ժոզե Բոսինգվա, Դավիդ Լուիս, Գարի Կեհիլ, Էշլի Քոուլ, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Սալոմոն Կալու (Ֆերնանդո Տորես, 84), Ռայան Բերտրան, (Ֆլորան Մալուդա, 73) Խուան Մատա, Դիդյե Դրոգբա:



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում