17:33  ,  27 հուլիսի, 2014

«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողները

Ծաղկաձորում ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթը, որի եզրափակիչ փուլը կայացավ հուլիսի 27-ին: Մրցույթն անցկացվել է 4 տարիքային խմբերում՝ 6-8, 9-11, 12-14, 14-16 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների միջեւ:

«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլի 6-8 տարեկան երեխաներ ունեցող տարիքային խմբում հաղթող է ճանաչվել է Այվազյանների ընտանիքը՝ Լոռու մարզից: 9-11 տարեկանների տարիքային խմբի հաղթողը Գեղամյանների ընտանիքն է Շիրակի մարզից: 12-14 տարեկանների տարիքային խմբում հաղթողի կոչումը նվաճել է Ուդումյանների ընտանիքը Կոտայքի մարզից: 14-16  տարեկանների տարիքային խմբի հաղթողը Արարատի մարզի Սահակյանների ընտանիքն էր:

Լավագույն մարզական ընտանիք մրցույթի եզրափակիչ փուլում հաշմանդամ ունեցող ընտանիքների մրցաշարում հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Նաղաջյանների ընտանիքը:

«Լավագույն մարզական ընտանիք մրցույթի» եզրափակիչ փուլում 4 տարիքային խմբերում ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ հավաքած երրորդ տեղի գավաթով պարգեւատրվեց Կոտայքի մարզը: Գավաթը ստացավ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Շիրակի մարզը, իսկ գավաթը ստացավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ընդհանուր հաշվարկում առաջատարը Երեւան քաղաքն էր: Գավաթը հանձնվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Լավագույն մարզական ընտանիքի մրցանակները հանձնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձին դրամական պարգեւներ հանձնեց նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մրցույթի ամենակրտսեր մասնակիցներին:

Մրցույթի մյուս մասնակիցներին հանձնեցին մարզահագուստ, իսկ մասնակից բոլոր երեխաներին կազմակերպիչները նվիրեցին մեծ փափուկ խաղալիքներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում