Մոսկվայի «Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Տարասովկայում կայացած բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին, ովքեր դեռ չեն մարզվել շվեյցարացի մասնագետի գլխավորությամբ:
«Մովսիսյանն ու Օզբիլիսը շատ կարեւոր են, սակայն շատ ֆուտբոլիստներ վերադարձել են այլ ակումբներում վարձավճարով խաղալուց հետո: Նրանք ուժեղացրին թիմի կազմը: Ունենք լավ կազմ:
Ռոման Շիրոկովի տարիքը գլխավորը չէ: Նա ունի ոճ: Ռոմանը նոր տարբերակներ կհաղորդի մեր հարձակմանը: Արտյոմ Ձյուբան իրեն հիանալի դրսեւորեց «Ռոստովում», սակայն «Սպարտակի» պահանջներն ավելի են: Գոլեր ենք սպասում նրանից: Ցանկանում ենք Արտյոմին պահել թիմում: Նա եւս ցանկանում է խաղալ «Սպարտակում», իսկ դա գլխավորն է մեզ համար»,- Յակինի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը դեռ շարունակում են վերականգնվել ծնկի վնասվածքից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում