11:34  ,  30 մայիսի, 2014

«ՆՏՎ Պլյուսի» լրագրողները կմասնակցեն Հադրութի ֆուտբոլային մրցաշարին

Արցախի Հադրութ քաղաքում մայիսի 31-ին տեղի կունենա հերթական ֆուտբոլային մրցաշարը: 

Մոսկվայաբնակ գործարար, բարերար Արմեն Բարխուդարյանն առաջին անգամ չէ իր հայրենի Հադրութում ֆուտբոլային մրցաշար անցկացնում: 2012-ին նա Արցախ էր հրավիրել 1990-ի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչիին: Մրցաշարն ուներ էր նաեւ բարեգործական նպատակ. բազմաթիվ ընտանիքներ դրամական օգնություն ստացան:

Այս անգամ ֆուտբոլային մրցաշարին մասնակցելու է 10 թիմ` 8-ը Արցախի շրջաններից, երկուսը՝ Մոսկվայից։ Ռուսաստանի մայրաքաղաքից ժամանել է Բարխուդարյանի «Դիզակ» թիմը եւ ռուսական «ՆՏՎ Պլյուս» հեռուստաալիքի եւ «Ռադիո Սպորտի» լրագրողները, որոնց ավագը մեկնաբան Նոբել Առուստամյանն է:

Ռուս լրագրողների թիմը առաջին անգամ է մասնակցում մրցաշարի Ռուսաստանից դուրս: Ըստ Նոբել Առուստամյանի՝ նա է առաջարկել տղաներին մեկնել Արցախ, բայց չէր պատկերացնում, որ այդքան արագ եւ դրական արձագանք կստանա: Իսկ Նոբելի համար այս այցելությունը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ նրա նախնիները Հադրութից են:

Խաղերը տեղի են ունենալու մայիսի 31-ին Հադրութի նորաստեղծ խաղադաշտում, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

NEWS.am Sport-ը մրցաշարը լուսաբանում է Հադրութից։

Վերա Մարտիրոսյան՝ Արցախից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով