22:14  ,  8 ապրիլի, 2014

Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, բայց գրավեց չորրորդ տեղը

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը չորրորդ տեղը գրավեց Թել Ավիվում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:

3 տարվա ընդմիջումից հետո 25-ամյա Մարտիրոսյանը վերադարձավ ասպարեզ եւ 2 վարժություններում կատարեց մեկական ճիշտ մոտեցում: Պոկում վարժությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը 157 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, սակայն հրում վարժությունում 185 կգ-ով ցուցադրեց չորրորդ արդյունքը եւ, երկամարտում հավաքելով 342 կգ, հայտնվեց չորրորդ տեղում:

Երկամարտի 349 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ալբանացի Էրկան Քերիմայը, ով իր հայրենակից Դանիել Գոնդելիին գերազանցեց միայն անձնական քաշի շնորհիվ: Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ 344 կգ (152+192):

Այս քաշային կարգի B խմբում հանդես եկավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը, ով երկամարտի 322 կգ (147+175) արդյունքով գրավեց 10-րդ տեղը:

Ավելի վաղ Հայաստանը Թել Ավիվում նվաճել էր 2 մեդալ: Մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանն ապրիլի 7-ին դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:

Եվրոպայի առաջնություն, Թել Ավիվ
Տղամարդիկ, 77 կգ

1. Էրկան Քերիմայ (Ալբանիա) - 349 կգ (155+194)

2. Դանիել Գոնդելի (Ալբանիա) - 349 կգ (157+192)

3. Ռազմիկ Հունանյան (Ռուսաստան) - 344 կգ (152+192)

4. Տիգրան Մարտիրոսյան (Հայաստան) - 342 կգ (157 +185)

10. Առաքել Միրզոյան (Հայաստան) - 322 կգ (147+175)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում