10:34  ,  31 մարտի, 2014

Վիշի Անանդ. Ամենահուզիչը ստացվեց Լեւոն Արոնյանի հետ երկրորդ պարտիան

Ինձ համար միեւնույնն էր, որ մրցաշարից առաջ փորձագետները նախապատվությունը տալիս էին Արոնյանին եւ Կրամնիկին։ Եկել էի պարզապես խաղալու համար։ Հասկանում էի, որ հնարավորությունները հավասար են, Sport-Express-ին տված հարցազրույցում ասել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով հաղթել է Խանտի Մանսիսկում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։

«Մեկնարկն ինձ համար լավ դասավորվեց։ Ինձ համար շատ կարեւոր է լավ մեկնարկել։ Իսկ առաջին պարտիայում նաեւ հաջողվեց հաղթել Արոնյանին։ Երբեմն պատահում է, որ նախապատրաստվում ես, իսկ հետո տեսնում ես խաղատախտակի դասավորությունը, եւ չես կարողանում հիշել, թե ինչպես պետք է ճիշտ արձագանքել։ 

Ամենահուզիչ պարտիան ստացվեց Լեւոնի հետ։ Այդ ժամանակ ունեինք հավասար միավորներ եւ խաղում էինք 8-րդ տուրում։ Նա շատ վճռականորեն էր տրամադրված, սակայն Արոնյանի բախտը չբերեց մեկնարկում։ Զոհաբերեցի զինվորիս եւ տիրեցի նախաձեռնությանը. նա արդեն ցանկանում էր ամեն ինչ ավարտել։

Միավորներով առաջ անցնելուց հետո փորձում էի շախմատ խաղալ եւ ուշադրություն չդարձնել այլ պարտիաներին։ Մրցաշարի ընթացքում հետեւել եմ հիմնականում Արոնյանին»,- ասել է 44-ամյա գրոսմայստերը։

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց նախավերջին տեղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով