Անպայման կծանոթանամ ձեր երկրին եւ գուցե մի օր էլ գամ, Հայաստանը լուսանկարեմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 31-ամյա լուսանկարիչ, Չինաստանի լրատվական գործակալության ֆոտոթղթակից Խուանխուան Լիյուն, ով չինական մամուլին Սոչիից ապահովում էր 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լուսանկարներով:
«Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Այստեղ ամեն ինչ հիացրեց: Սպասվածից ավելին է արված: Բոլոր պայմանները ստեղծված էին թե Խաղերի մասնակիցների, թե լրատվամիջոցների համար:
Օլիմպիական խաղերն ինձ համար իսկական փորձություն էին, փորձ ձեռք բերելու, այս ոլորտի մասնագետների հետ ծանոթանալու լավ առիթ: Լուսանկարիչների միջեւ ուժեղ մրցակցություն է գնում: Բոլորը պրոֆեսիոնալներ են, եւ ամեն մի լուսանկար արվում է մեծ պրոֆեսիոնալիզմով: Չես հասցնում աչքդ թարթել, երբ նույն մարզաձեւից համացանցում հայտնվում են միլիոնավոր լուսանկարներ՝ մեկը մյուսից լավ, օրիգինալ: Ես շեշտադրությունը դրել եմ որակյալ կադր ստանալու վրա: Սիրում եմ մարզիկների հայացքները լուսանկարել եւ փոխանցել նրանց ապրումները, մտածմունքն այդ պահին:
Շատ եմ հավանել Սոչին: Փոքրիկ քաղաք է մեծ սիրտ ունեցող մարդկանցով: Մեծ տպավորություններով եմ վերադառնում Չինաստան:
Ցավոք սրտի, Հայաստանի մասին չգիտեմ: Ձեզանից լսեցի: Այսօր եւեթ ինտերնետով կփնտրեմ Հայաստանը եւ կծանոթանամ ձեր երկրին եւ գուցե մի օր էլ գամ, Հայաստանը լուսանկարեմ»,- ասաց Խուանխուան Լիյուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում