20:15  ,  23 փետրվարի, 2014

Ռոբերտ Արզումանյան. Պորտուգալիան ու Ռոնալդուն այժմ ավելի ուժեղ են, իսկ Դանիան ավելի զգույշ կխաղա մեր դեմ

Կարող էինք հայտնվել ավելի հեշտ խմբում, բայց եթե արժանի ենք խաղալ Եվրոպայում, ուրեմն պետք է դուրս գանք նաեւ այս խմբից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով մեկնաբանեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքները: Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը, Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի թիմերի հետ ընդգրկվել է վերջին՝ I խմբում:

Ռոբերտ, Հայաստանի հավաքականը I խմբի իր բոլոր մրցակիցների հետ արդեն խաղացել է: Ի՞նչ կասես նրանց մասին: Վերջին տարիներին նրանք ավելացրել են, թե՝ թուլացել:

Ես խաղացել եմ բոլոր հավաքականների դեմ, բացի Ալբանիայից: Այսօր Պորտուգալիան եւ Սերբիան մի քիչ այլ թիմեր են, քան այն ժամանակ: Դանիան էլ արդեն մեզ հետ ավելի զգույշ կխաղա, ինչպես խաղաց այստեղ՝ Երեւանում: 2007-ի հետ համեմատ՝ Պորտուգալիան ավելի ուժեղ թիմ է: Ռոնադուն էլ նույնպես այժմ ավելի ուժեղ է, քան այն ժամանակ: Նրանից շատ բան է կախված Պորտուգալիայի հավաքականում: Սերբիան այսօր ունի ավելի երիտասարդ թիմ, բայց դրանից նրանք չեն թուլացել: Հիմա նրանք ավելի ուժեղ են, սակայն մենք նույնպես այժմ ավելի ուժեղ ենք, քան այն ժամանակ:

Ըստ քեզ՝ բա՞րդ խմբում հայտնվեցինք: Ո՞ր խմբում կցանկանայիր տեսնել Հայաստանի հավաքականին:

Մեր խումբը բարդ է: Կարող էինք հայտնվել ավելի հեշտ խմբում, բայց եթե արժանի ենք խաղալ Եվրոպայում, ուրեմն պետք է դուրս գանք այս խմբից, իսկ եթե ոչ, ապա ամենահեշտ խմբից էլ դուրս չէինք գա: Այնպես որ պետք է պատրաստվենք ու յուրաքանչյուր խաղ անցկացնենք այնպես, կարծես դա եզրափակիչն է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով