Ցանակնում եմ մնալ սպորտում եւ մասնակցել հաջորդ Օլիմպիական խաղերին, ասել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն: 31-ամյա գեղասահորդը պատմել է Սոչիում ստացած վնասվածքի եւ 2018-ին հարավկորեական Պհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկության մասին:
«Այժմ ինձ համար բարդ շրջան է, սակայն մենք միասին կհաղթահարենք դա: Ինձ լիարժեք եմ զգում, կարող եմ քայլել եւ շարժվել: Արդեն առողջ եմ: 2 օրից ընտանիքիս հետ կմեկնեմ Իսրայել, որտեղ կանցնեմ բուժզննում: Մեկնում եմ բժշկիս մոտ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի:
Ցանակնում եմ մնալ սպորտում եւ մասնակցել ինձ համար 5-րդ Օլիմպիական խաղերին: Դրա համար պատրաստ եմ նոր վիրահատությունների: Ցավեր զգացի թիմային մրցումների ժամանակ: Այդպիսի ցավով սահելը սարսափելի էր»,- Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում ասել է Պլյուշչենկոն:
Հիշեցնենք, որ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Պլյուշչենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, սակայն այնուհետեւ մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց անհատական մրցաշարից՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում