Ես ինքս ինձնից գոհ եմ: Կարծում եմ՝ եթե ձյունը սառած լիներ, ավելի լավ հանդես կգայի: Բայց ես մտածում եմ, եթե այսպես եղավ, ուրեմն այսպես էլ պետք է լիներ, պատճառներ չփնտրեմ: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն էր, եւ ինձ համար բարդ էր նույնիսկ այդ 10 դահուկորդներին հետ թողնելը:
Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ կին մասնակից, դահուկորդ Կատյա Գալստյանը, ով փետրվարի 13-ին 15 կմ դահուկավազքում գրավել է 63-րդ տեղը 75 մասնակիցների մեջ:
«Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Մեծ տպավորություններ ունեմ թե Օլիմպիական խաղերից, թե կանանց դահուկավազքի մրցումից: Բնականաբար, շատ բարդ էր: Իրականում այս ձյան վրա, որ այժմ կա Սոչիում, շատ դժվար է սահելը: Այստեղ արհեստական ձյուն է, եւ երբ այն սկսում է հալվել, ավելի է բարդանում դահուկով սահելը: Ընթացքդ անկախ քեզանից դանդաղում է:
Ես ինքս իմ մրցելույթից գոհ եմ, քանի որ, կարծում եմ, շատ լավ հանդես եկա: Եթե հաշվի առնենք, թե ինչ ուժեղագույն մարզիկներ էին ինձ հետ նույն մրցուղում, ինձ համար նրանցից 10-ին էլ հաղթելը մեծ արդյունք է:
Ես այս Օլիմպիական խաղերին մասնակցեցի սպիտակ քարտով, ոչ իմ վարկանիշով եւ այստեղ մասնակից մյուս դահուկորդներից բավական թույլ էի: Ինձ համար բարդ էր նույնիսկ այդ 10 դահուկորդներին հետ թողնելը:
Հուզմունք միանշանակ կար, քանի որ ինչպես արդեն նշեցի առաջին մասնակցությունն էր. ես չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ովքեր են իմ մրցակիցները: Բայց երբ արդեն մեկնարկը տրվեց, եւ ես զգացի որ իմ հետեւից եկող դահուկորդներ կան, այլ ես չեմ վերջինը, արդեն ինքնավստահությունս եկավ տեղը, հուզմունքս անցավ:
Երբ հասա վերջնագծին, սրտումս հանգստություն կար, որ ամբողջ մրցուղում ինձ ոչ ոք չի անցել, ինչպես մեկնարկել ենք, այնպես էլ անցել եմ ամբողջ մրցուղին, բացի այդ ես շրջանցել էի երեք դահուկորդի: Ինչ-որ տեղ խիղճս հանգիստ էր, որ արդյունք ունեմ»,- ասաց Կատյա Գալստյանը:
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում