12:59  ,  16 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանը նվաճեց արծաթե մեդալ

Դեկտեմբերի 16-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) մրցաշարը։ Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց արծաթե մեդալը։ Նա 30 հնարավորից վաստակեց 19.5 միավոր։ Նույնքան միավոր վաստակեց նաեւ Սերգեյ Կարյակինը, սակայն լրացուցիչ միավորներով գերազանցեց հայ շախմատիստին։ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը նվաճեց բրոնզե մեդալ։

ՖԻԴԵ-ի երկրորդ համարը 28-րդ տուրում սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, իսկ 29-րդ պարտիայում սեւերով ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավից։ Վերջին պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հիշեցնենք, որ Արոնյանն ավելի վաղ ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, հաղթել ամերիկացի Գատա Կամսկիին, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին եւ վիետնամցի Լե Քուանգ Լիեմին։ Այնուհետեւ նա ոչ ոքի էր խաղացել կուբացի Պերես Դոմինգեսի հետ եւ պարտվել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ հոլանդացի Գիրի Անիշին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով