11:47  ,  27 սեպտեմբերի, 2013

Վլադիմիր Ստոգնիենկոյի արկածները Հայաստանում (ֆոտո)

Ռուս հայտնի մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն սեպտեմբերի 18-23-ն անցկացրեց Հայաստանում: Նրա մայրական տատը հայ է: Հայաստանից ստացած տպավորությունները զգացվում էին նաեւ նրա վերջին մեկնաբանության ընթացքում: Հայ ֆուտբոլասերներին շատ ոգեւորեց, երբ «Մյունխեն-1860» - «Բորուսիա» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում Հենրիխ Մխիթարյանի խփած գոլից հետո Ստոգնիենկոն հայերեն ասաց․ «Շատ լավ է, Հենրիխ ջան»:

Հայաստանում անցկացրած ճանապարհորդության մասին Վլադիմիր Ստոգնիենկոն պատմեց NEWS.am Sport-ին:

«Երկար ընդմիջումից հետո Հայաստան եկա 2011-ին: Ծնողներս ինձ բերել էին Երեւան, երբ առաջին դասարանում էի: Երեւանից հիշում էի միայն այն, որ այնտեղ շատ շոգ էր, եւ որ ինձ թույլ չտվեցին լողալ Սեւանում, քանի որ ջուրը շատ սառն էր: Ինչպես նաեւ հիշեցի, թե ինչպես են հայերն անվանում ոզնուն եւ վերջ:

25 տարի անց ես ժամանեցի «Զվարթնոց» օդանավակայան: Այս անգամ գործուղման էի եկել Նոբել Առուստամյանի հետ: Մեր հավաքականը խաղում էր Հայաստանի թիմի դեմ: Ինձ ուղարկել էին խաղը մեկնաբանելու համար եւ ես խնդրեցի մի քանի օր եւս մնալ Հյաաստանում, որպեսզի մեկնեմ Սեւանի գյուղերը` բարեկամներիս տեսնելու համար:

Առաջին տպավորությունս Հայաստանից այն էր, որ ինձ անընդհատ կերակրում էին: Երբ վերադարձա Ռուսաստան, «Ռադիո Սպորտով» հաղորդում էի վարում: Հյուրս Եվգենի Ձիչեկովսկին էր «Սպորտ Էքսպրեսից»:

-Ես Երևանում օրը հինգ անգամ էի ուտում,- գլուխ գովացի ես:

-Իսկ ես մեկ անգամ էի ուտում, բայց ամողջ օրը,- ասաց Ձիչեկովսկին, ով նույնպես այդ խաղի համար եկել էր Երեւան:

Հաջորդ օրը, հրաժեշտ տալով հյուրասեր հայ լրագրողներին, ինքս ինձ համոզեցի, որ շատակերությունը սարսափելի մեղք է եւ մեկնեցի հարազատներիս մոտ՝ Դդմաշեն:

Այնտեղ պարզվեց, որ մայրաքաղաքում ես միայն թեթեւ նախաճաշում էի, իսկ ուտել կսկսեմ քեռուս՝ Հակոբի եւ նրա ընտանիքի հետ: Հինգ օրում ես հավաքեցի երեք կիլոգրամ: Շրջագայեցի Սեւանի շրջակայքում եւ վերադարձա տուն:

Զուտ ֆուտբոլային զգացողությունները քիչ էին: Խաղն այնքան էլ տպավորիչ չէր՝ գրեթե առանց պահերի: Շատ էի ցանկանում գնալ «Հրազդան» ստադիոն: Ես դեռ «Советском Спорт»-ում ակնարկներ էի հիշում ստադիոնի մասին: Բայց չստացվեց, քանի որ խաղն անցկացվեց «Հանրապետական» ստադիոնում: Բացի այդ, մի հիմար պատմություն եւս եղավ, երբ ես ճաղերի եւ ոստիկանների վահանների վրայով անցնում էի, որպեսզի մտնեմ ստադիոն՝ խաղը մեկնաբանելու համար: Սակայն դա արդեն անցյալ է, իմաստ չունի այդ մասին խոսել:

Երկու տարի անց ես կրկին եկա Հայաստան՝ պարզապես հանգստանալու համար: Եկա կնոջս, չորսամյա աղջկաս հետ․ նրանք երբեք չէին եղել Հայաստանում: Մեր հետ եկավ նաեւ մայրս, ով շատ լավ է խոսում հայերեն:

Զգացողությունները նույնն էին՝ չէին փոխվել:

Ռուսները շատ հարմարավետ են իրենց զգում Հայաստանում: Կռահել, թե ինչի մասին են հայերեն ցուցանակները, անհնար է, բայց Երեւանում բոլորը խոսում են ռուսերեն: Գյուղում մի քիչ այլ է, բայց մենք գլուխ հանեցինք:

Ուտելիքը շատ համեղ էր (այս անգամ ես ընդամենը երկու կիլոգրամ հավաքեցի), իսկ գները Մոսկվայի համամետ շատ գայթակղիչ էին:

Բոլորը քննարկում էին Մխիթարյանին, ես՝ նույնպես։ Այնուհետեւ զգուշորեն խոստովանեցի, որ նախորդ մրցաշրջանում Դորտմունդում իմ համար ամենալավը Իլկայ Գյունդոգանի խաղն էր: Հայ զրուցակիցներս ինձ համար շատ անսպասելիորեն համաձայնեցին, եւ մենք շարունակեցինք քննարկել Մխիթարյանին:

Մենք չէինք քննարկում Մեսիին․ նա չի ծնվել Երեւանում, այլ ինչ-որ Ռոսարիո քաղաքում, այդ պատճառով դա ոչ ոքի հետաքրքիր չէր: Քեռուս հետ զրույցում մենք Մխիթարյանի թեմայից անցանք «Արարատ-73»-ին: Նա իր աչքերով էր տեսել «Արարատի» հաղթանակը, իսկ ես գիտեմ զուտ մասնագիտական գիտելիքներիցս:

Բացի այդ, ես հյուրընկալվեցի հայկական ռադիոյում: Սակայն ոչ թե ես էի հարցեր տալիս հայկական ռադիոյին, այլ՝ հակառակը։ Ես լուրջ դեմքով խոսում էի ֆուտբոլի մասին: Եթերից հետո նրանք ինձ նվիրեցին հայկական «Ռեինկառնացիա» խմբի ձայնասկավառակը եւ հյուրասիրեցին տոլմա: Մինչեւ այդ ես հայկական երաժշտությունից գիտեի միայն «System of a Down» եւ «Дети Пикассо» խմբերին, բայց նրանցից մեկը Լոս Անջելեսից էր, իսկ մյուսը` Մոսկվայից: Հիմա կլսեմ նաեւ այս խմբին։

Սեւանի ջուրը կրկին թափանցիկ էր: Եղանակը տաք էր:

Ինձ գյուղում ավելի շատ դուր եկավ: Ինձ քաղաքներով չես զարմացնի, իսկ գյուղերը (դրանք շատ նման են միմյանց` անկախ այն բանից, թե որ երկրում են) հանգստացնում են:

Աղջիկս հայերեն երկու արտահայտություն սովորեց: Կա հպարտանալու առիթ: Ես երեք արտահայտություն գիտեմ հայերեն: Շուտով նա ինձանից առաջ կանցնի: Բացի այդ, Կատյան մի քանի անգամ փորձեց շոյել ոչխարին, բայց չստացվեց: Հետո տեսանք կովեր եւ մեծ դդումներ: Շատ լավ էր:

Որպեսզի ամեն բան շատ իդեալական չթվա, կարելի է հիշել նաեւ թերությունները, բայց արձակուրդի ժամանակ դրանք այնքան էլ չես նկատում:

Ամենակարեւորն այն է, որ մադրիկ շատ ընկերասեր են:

Ես Մոսկվայում ունեմ արգենտինացի ընկեր, ով շատ վաղուց է ցանկանում գալ Հայաստան: Ոչ, նա հայ չէ, բայց կյանքում շատ հայերի է տեսել Արգենտիանյում եւ Ուրուգվայում: Մենք վերջերս այնտեղ ֆիլմ էինք նկարահանում եւ անգամ «Դեպորտիվո Արմենիո» թիմի նախագահի հետ կոնյակ խմեցինք: Հայկական կոնյակ Բուենոս Այրեսում:

Մի խոսքով՝ պետք է հաջորդ տարի արգենտիանցիների հետ կրկին վերադառնալ Հայաստան։

P.S. Եվ շատ շնորհակալություն Վերա Մարտիոսյանին եւ Հայկ Ղազազյանին այդպիսի հյուընկալության համար: Եվ բոլոր բոլորին…

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը 

 



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով