16:40  ,  26 սեպտեմբերի, 2013

Ալեքսանդր Բուբնով. Մովսիսյանը նման ցուցանիշներով խաղալու իրավունք չունի

«Երեկ օգտակար էր նաեւ Յուրա Մովսիսյանը: Բայց նրա ցուցանիշները լավը չեն: Խոտանը շատ է: Չնայած որ Մովսիսյանը երեկ գոլ խփեց՝ նրան այնուամենայնիվ 2 նշանակեցի: Այսպիսի խաղով, նա կարող է իր տեղը կորցնել «Սպարտակի» հիմնական կազմում»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ ԽՍՀՄ-ի նախկին պաշտպան, ֆուտբոլային վերլուծաբան Ալեքսանդր Բուբնովը։

Ինչպե՞ս կգնահատեք Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի ելույթները «Սպարտակի» վերջին հանդիպումներում: 

Արասի տակտիկական գործողությունների ցուցանիշները առայժմ բարձր չեն, բայց նա փոխհատուցում է դա փոխանցումներով եւ գոլերով: Օզբիլիսը թիմին օգուտ է բերում: Երեկ օգտակար էր նաեւ Յուրա Մովսիսյանը: Բայց նրա ցուցանիշները լավը չեն: Խոտանը շատ է: Չնայած որ Մովսիսյանը երեկ գոլ խփեց՝ նրան այնուամենայնիվ 2 նշանակեցի: Այսպիսի խաղով, նա կարող է իր տեղը կորցնել «Սպարտակի» հիմնական կազմում: Խաղային խոտանը պետք է վերացնել: Նկատել եմ, երբ Յուրան խաղում է Արասի հետ, նրա խաղային ՕԳԳ-ն բավականին բարձր է: Նրանք շատ լավ են միմյանց հասկանում խաղադաշտում: 

Կարդացե՞լ եք, թե ինչ է Վալերի Կարպինն ասել է Օզբիլիզի առողջության մասին: Նա քիչ էր մնում կոմայի մեջ ընկներ:

Դա ոչ ոքի չի հուզում: Եթե ֆուտբոլիստը վատ է զգում իրեն, նրան պարզապես պետք է խաղադաշտ դուրս չբերել: Մարզիչը, իմանալով նրա զգացողության մասին, կարող է ֆուտբոլիստի խաղին ավելի մեղմ վերաբերվել: Իսկ մենք՝ մասնագետներս, գնահատական ենք տալիս նրա խաղին: Կան մոդելային ցուցանիշներ, որոնցով գնահատում ենք խաղացողի մակարդակը ամեն խաղում: Ուրիշ հարց է, որ Կարպինին դուր է գալիս, թե ինչպես է խաղում ֆուտբոլիստը: Մենք պարզապես գնահատականներ ենք դնում:

Երբ Արաս Օզբիլիզը տեղափոխվեց «Սպարտակ», Վասիլի Ուտկինը մի քանի անգամ եթերում ասաց, որ նա գերագնահատված ֆուտբոլիստ է: Կարծո՞ւմ եք, որ Արասն արդեն հասցրել է բոլորին ապացուցել, որ իզուր չէ «Սպարտակը» նրան գնել:

Ուշադրություն մի դարձրեք Վասիլի Ուտիկինի ասածներին: Նա դիլետանտ է, ֆուտբոլից ընդհանրապես չհասկացող մարդ: Ուտկինն իմ համար գոյություն չունի: Ես նրան բանի տեղ չեմ դնում: Օզբիլիզը հիանալի ֆուտբոլիստ է: Նա դա դեռ «Կուբանում» է ապացուցել: 

Ի՞նչ կասեք Ռուսաստանի առաջնության նորեկի՝ Եկատերինբուրգի «Ուրալի» մասին: Այնտեղ երեք հայ ֆուտբոլստ կա:

Այդ ֆուտբոլիստները թիմին օգուտ են տալիս: «Ուրալը» վերջերս ուրախացրեց: Միավորներ վերցրեց Սամարայում: Չնայած, որ դանդաղ է առաջ գնում, սակայն վատ տպավորություն չի թողնում: Ավելին, եթե ժամանակին «Սպարտակը» չքներ եւ ձեռք բերեր նաեւ Մխիթարյանին, այդ ժամանակ այդ եռյակի հետ ընդհանրապես խնդիրներ չէին լինի:

Բայց Մխիթարյանն ինքը չուզեց:

Եվ ճիշտ էլ արեց: Որտեղ է այժմ «Բորուսիան» եւ որտեղ է «Սպարտակը»: Ուղղակի ասում եմ, որ Հայաստանի հավաքականի այս եռյակը վճռում է խաղը: Շատ լավ եռանկյունի է:

Ինչպիսի՞ հեռանկարներ կարող է ունենալ Կառլեն Մկրտչյանը «Անժիում»:

Եթե նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ապա ամեն տեղ կարող է իրեն ցուցադրել: «Անժին» շատ լավ կազմ ունի: Նրանց մոտ այլ խնդիր է: Գնացին մի քանի ֆուտբոլիստներ: Թիմում ռոտացիա էր: Սակայն ես վստահ եմ, որ «Անժին» դեռ կբարձրանա: Նրանք ոչ ոքի խաղացին ԲԿՄԱ-ի՝ երկրի չեմպիոնի հետ: «Անժիի» համար ես չեմ մտահոգվում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում