17:57  ,  7 օգոստոսի, 2013

Սարգիս Շահինյան. «Բրագայում» ինձ շատ ջերմ ընդունեցին

Անկեղծ ասած չէի սպասում, որ կարող է այսքան ջերմ ընդունելության արժանանամ նոր թիմում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմ տեղափոխված կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, որն արդեն Պորտուգալիայում է։

Սարգիս, ինչպե՞ս եղավ, որ քեզ նկատեցին «Բրագայում»:

Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, թե ինչպես են ինձ նկատել: Կիպրոսում «Միկայի» հետ անցկացրած հավաքից հետո վերադարձա Հայաստան եւ ինձ ասացին, որ մայիսին պետք է գնամ Պորտուգալիա եւ փորցաշրջան անցնեմ «Բրագայում»: Դա եղավ «Միկա» ակումբի եւ «Միկայի» նախկին մարզիչ Ժոլտ Հորնյակի ջանքերով:

Ես շատ շնորհակալ եմ «Միկա» ակումբի ղեկավարությանը, որ թույլ տվեցին ինձ կարիերաս շարունակել Եվրոպայում, ինչպես նաեւ «Միկայի» ֆուտբոլիստներին, ովքեր մեծ դեր են ունեցել իմ ֆուտբոլային աճի մեջ: Ես նրանց բոլորին իմ հարազատների նման սիրում եմ: Շնորհակալ եմ նաեւ Արամ Ոսկանյանին, ով ինձ հետ միշտ աշխատանքներ է տարել, եւ ես աճել եմ որպես ֆուտբոլիստ:

Մայիսին փորցաշրջան էիր անցնում Պորտուգալիայում, ինչպե՞ս քեզ ընդունեցին ապագա թիմակիցներդ:

Շատ ջերմ: Անկեղծ ասած չէի սպասում, որ կարող է այսքան ջերմ ընդունելության արժանանալ: Թիմակիցներս ամեն օր գալիս էին եւ հարցնում՝ ինչպես եմ, խնդիրներ չունեմ: Մի խոսքով, ինձ շատ լավ ընդունեցին:

Ի՞նչն ամենից շատ տպավորեց «Բրագայում»:

Այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երիտասարդներն աճեն եւ դառնան լավ ֆուտբոլիստներ: Նրանց համար ոչ մի մանրուք գոյություն չունի:

Շատ հայ ֆուտբոլիստներ հաջող հադես են գալիս Հայաստանում, բայց տեղափոխվելով այլ առաջնություններ չեն կարողանում իրենց դրսեւորել: Քո կարծիքով, ինչի՞ հետ է դա կապված:

Կարծում եմ՝ նրանք բավարարվում են ձեռք բերածով եւ թուլացնում են իրենց, բայց երբ հասկանում են, որ այդպես շարունակել չի կարելի, արդեն գնացքը գնացած է լինում:

Ե՞րբ տեղի կունենա քո նորամուտը:

Հստակ չեմ կարող ասել, բայց այս ամիս հանդիպում ունենք: Տեսնենք:

Արդեն լիովին ծանո՞թ ես «Բրագայի» խաղաոճին: Ինչպե՞ս ես գնահատում քո հնարավորությունները:

Թիմը սիրում է խաղալ մանր եւ միջին փոխանցումներով, հենց այդ խաղաոճն ինձ հոգեհարազատ է, քանի որ «Միկան» նույնպես խաղում է այդ խաղաոճով: Հեշտ է նաեւ տակտիկապես, որովհետեւ այսօր գրեթե բոլոր թիմերը խաղում են երեք կենտրոնական կիսապաշտպաններով: «Բրագան» եւս բացառություն չէ: Աստված տա ամեն ինչ լավ լինի: Այսպես համեմատություններ անելը հեշտ է, բայց առանց Աստծո օգնության ոչինչ հնարավոր չի լինի անել:

Պատրաստվո՞ւմ ես ապրել ակումբային մարզաբազայում, թե՞ տուն կվարձես:

Ապրելու եմ մարզաբազայում: Այստեղ բոլոր լեգեոնականները ապրում են բազայում: Բոլորս միասին կլինենք, եւ դա շատ լավ է:

Դու հրավիրվել ես Հայաստանի երիտասարդական հավաքական Ղազախստանի հետ կայանալիք խաղում: Կկարողանա՞ս միանալ հավաքականին:

Ցավոք, ոչ, քանի որ պետք է շտապ ժամանեի Պորտուգալիա: Այստեղ շուտով մեկնարկելու է առաջնությունը, եւ մարզիչը ցանկանում էր ինչքան հնարավոր է շուտ տեսնել, թե ինչ մարզավիճակում եմ գտնվում: Ես շնորհակալ եմ Ռաֆայել Նազարյանին, ով չմերժեց «Միկա» ակումբի խնդրանքը եւ ինձ թույլ տվեց հավաքի հաշվին մեկնել Պորտուգալիա: Երիտասարդական հավաքականին մաղթում եմ հաղթանակ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով