09:30  ,  12 ապրիլի, 2012

Հայկական թենիսում միայն առաջին ռակետն է աշխատավարձ ստանում. հարցազրույց

Մայիսի 2-ից 4-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան երրորդ ենթախմբի  մրցաշարը: Հայաստանի հավաքականի հետ ենթախմբում ընդգրկված են Ալբանիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Սան Մարինոյի, Անդորրայի, Հունաստանի, Մալթայի, Իսլանդիայի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Բուլղարիայի, Լիտվայի եւ Նորվեգիայի հավաքականները:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացնելու են Խաչատուր Խաչատրյանը, Դանիել Պրոսկուրան եւ Աշոտ Գեւորգյանը: Թորգոմ Ասատրյանի մասնակցությունը ֆինանսական խնդիրների պատճառով դեռ հարցականի տակ է:

Ենթախմբում առաջին երկու տեղերից մեկը գրավելու դեպքում մեր հավաքականը կանցնի հաջորդ ենթախումբ: 2011-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու հաղթանակ տարավ, սակայն վերջին խաղում պարտվեց Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) հավաքականին եւ չանցավ հաջորդ փուլ: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի առաջին ռակետ, թիմի առաջին համար Խաչատուր Խաչատրյանի հետ:

Ինչպե՞ս եք մարզվում: Պատրա՞ստ եք առաջիկա մրցաշարին:

Ամեն օր մարզվում ենք Orange fitness-ում: Ես հիմնականում խաղում եմ Աշոտ Գեւորգյանի հետ: Օրական երկու ժամ թենիս ենք խաղում, այնուհետեւ մեկ ժամ մարզվում ենք ֆիթնես կենտրոնում:

Ի՞նչ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի թենիսի ֆեդերացիան:

Տրամադրում է թենիսի կորտերը, գնդակները: Անվճար մարզվում ենք Orange fitness-ում:

Այս պահին դու  հավաքականի առաջին համարն ես: Մրցաշարին նույնպե՞ս դու  ես լինելու առաջինը:

Քանի որ մենք այս տարի չենք մասնակցել միջազգային մրցաշարերի, չունեմ միջազգային վարկանիշ: Իսկ անցյալ տարի մասնակցել էի, ունեի եւ միայն ես կարող էի հանդես գալ որպես առաջին ռակետ: Այս  մրցաշարին գուցե սկզբում ես լինեմ, հետո` Դանիելը: Տեսնենք: Նայած, թե ում հետ կխաղանք:

Եթե լինենք իրատես, մեր հավաքականը հաջորդ փուլ դուրս գալու ի՞նչ հնարավորություններ ունի:

Անկեղծ լինենք` շատ դժվար է լինելու: Օրինակ` Բուլղարիայի հավաքականում հանդես է գալիս Գրիգոր Դիմիտրովը, ով խաղում է Նադալի, Ֆեդերերի հետ նույն մրցաշարերում:  Լիտվայի հավաքականում էլ հանդես է գալիս Բերանկիսը,ով նույնպես շատ ուժեղ թենիսիստ է: Իհարկե, ամեն բան հնարավոր է, բայց համեստ լինենք:

Վիճակահանության ժամանակ, ո՞ր թիմերի հետ չես ցանկանա հայտնվեք նույն խմբում:

Բուլղարիայի, Լիտվայի եւ Հունաստանի: Մյուս թիմերին կարծում եմ կարող ենք հաղթել:

Մրցաշարին մասնակցելու կամ խմբից դուրս գալու համար դրամական պարգեւ կստանա՞ք:

Ոչ: Ֆեդերացիան հոգում է միայն մասնակցության ծախսը:

Իսկ ինչպե՞ս են գումար վաստակում հայ թենիսիստները:

Այս պահի դրությամբ Հայաստանում միայն ես եմ աշխատավարձ ստանում, քանի որ առաջին ռակետն եմ, ուրիշ` ոչ ոք:

Անհատական մրցաշարերին մասնակցելը նույնպե՞ս եկամտաբեր չէ:

Դե բոլորն էլ փորձում են: Կան անհատական մրցաշարեր, որտեղ բոլորը կարող են մասնակցել, եւ հաղթողը կստանա դրամական պարգեւ մինչեւ 15 հազար դոլար, բայց դե դուք էլ գիտեք, թե որքան դժվար է գոնե մեկ անգամ հաղթել նման մրցաշարերում: Շատերը դառնում են մարզիչներ եւ այդպես են գումար վաստակում, կամ էլ ստիպված են լինում հեռանալ սպորտից:

Ցավալի չէ՞, որ Հայաստանում խոսում եմ միայն մի քանի մարզաձեւերի մասին, եւ թենիսը դրանց շարքում չէ:

Թենիսը թանկ մարզաձեւ է: Սա ֆուտբոլ չէ, սա մենախաղ է, որտեղ պետք է ինքդ հոգաս քո մասին, գտնես հովանավորներ եւ այլն:

Եվ վերջում հետաքրքիր կլիներ իմանալ, թե ո՞վ է քո ամենասիրած թենիսիստը:

Ռոջեր Ֆեդերերը` բոլոր ժամանակների լավագույն թենիսիստը:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով