09:11  ,  19 հունիսի, 2013

Դենիս Թումասյան. Գուցե, այլ նախագահի օրոք ինձ կհրավիրեն Հայաստանի հավաքական

Գուցե, ֆուտբոլի ֆեդերացիայի այլ նախագահի օրոք ինձ կհրավիրեն Հայաստանի հավաքական, բայց այդ ժամանակ ես, երեւի, կլինեմ 40 տարեկան: Այժմ իմ ոսկե տարիքն է, բայց ինչ արած: Այսպիսին է կյանքը:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Եկատերինբուրգի «Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը, ով ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2012/2013թթ. առաջնության լավագույն պաշտպան:

Չնայած 28-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած վստահ խաղին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Թումասյանը երբեք չի հրավիրվի ազգային հավաքական:

Դենիս, շնորհավորում եմ Ռուսաստանի Առաջին լիգայի լավագույն պաշտպան ճանաչվելու կապակցությամբ: Հաջորդ մրցաշրջանում «Ուրալը» հանդես է գալու Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Ինչպիսի՞ն են սպասելիքները նոր մրցաշրջանից:

Առաջին լիգայի եւ Պրեմյեր լիգայի միջեւ սարի ու ձորի տարբերություն կա: Լրիվ տարբեր մակարդակներ են: Պետք է ավելի շատ մարզվենք, քանի որ հանդես ենք գալու Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստների դեմ:

Թիմն իր առջեւ ի՞նչ նպատակներ է դնում հաջորդ մրցաշրջանում:

Առաջին մրցաշրջանն է, թիմը պետք է ուսումնասիրի լիգան եւ հաստատվի այնտեղ:

Օրերս «Ուրալ» տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ծանո՞թ ես նրա հետ:

Մինչեւ այդ ծանոթ չէինք: Ծանոթացանք, շատ հաճելի տղա է:

Չնայած նրան, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասել է, որ դու երբեք չես հրավիրվի հավաքական, երկրպագուները ցանկանում են քեզ տեսնել ազգային թիմում: Ի՞նչ կասես այդ մասին:

Ի՞նչ կարող եմ ասել: Ֆեդերացիայի նախագահը ասել է, որ ինձ երբեք չեն հրավիրի: Գուցե, այլ նախագահի օրոք կանչեն, բայց այդ ժամանակ ես, երեւի, կլինեմ 40 տարեկան: Այժմ իմ ոսկե տարիքն է, բայց ինչ արած: Այսպիսին է կյանքը:

Քեզ հաճախ են հարցնում այս մասին, բայց ստացվում է, որ քո հանդեպ այսպիսի կոշտ վերաբերմունքը պայմանավորված է քո՝ երկու անգամ հավաքականին չմիանալո՞վ:

Ինձ պաշտոնապես հրավիրել են միայն մեկ անգամ: Դրանից հետո ես զանգահարում էի, բացատրում, թե ինչու չկարողացա գալ: Միխայիլ Մարկոսովին երեք անգամ հրավիրեցին, բայց նա չեկավ: Այդ դեպքում ինչո՞ւ ինձ մոտ չէին կարող չգալու պատճառներ լինել: Չնայած, այդ բառերից հետո, որ ինձ չեն հրավիրի, կարծում եմ իմաստ չունի ինչ-որ բան բացատրել կամ անել:

Հայաստանի հավաքականի խաղերին հետեւո՞ւմ ես:

Այո, շատ ուրախացրեց դանիացիների նկատմամբ տարած հաղթանակը: Հայաստանի հավաքականը լավ թիմ է, որն ունի հեռանկարային մարզիչ: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին Հայաստանի թիմը գլխավոր մրցաշարերից մեկի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի:

Կցանկանայի՞ր լինել Հայաստանի հավաքականի մի մասնիկը:

Այո, շատ: Բայց Հայաստանի ճանապարհն ինձ համար փակ է: Ինչո՞ւ իզուր պատրանքներ կառուցել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով