17:16  ,  1 հունիսի, 2013

Էլինա Դանիելյան. Շախմատի դպրոց գնալուս առաջին օրը երբեք չեմ մոռանա. տխուր օր էր (ֆոտո)

«Փոքր ժամանակ երազում էի դառնալ տիեզերագնաց: Թե ինչու հենց տիեզերագնաց, չեմ կարող ասել: Միայն հիշում եմ` ով ինձ հարցնում էր` մեծանաս ինչ ես դառնալու, ինքնավստահ ասում էի`«կոսմոնավտ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

«Մանուկ տարիքում, երբ ինձ հարցնում էին ինչ ես ուզում դառնալ, ասում էի` տիեզերագնաց: Երբ հարցնում էին` ինչու, ասում էի` չգիտեմ, ուղղակի ուզում եմ տիեզերք հասնեմ: Երբեք չեմ ասել` բժիշկ եմ դառնալու կամ ուսուցչուհի, կամ` այդ կարգի շաբլոն մասնագիտություններ, որոնց միշտ բոլոր երեխաներն ասում են: Բայց սա չի նշանակում, որ ուզեցել եմ տարբերվել բոլորից, որովհետեւ այդ տարիքում չէի հասկանում՝ տարբերվել ինչ է նշանակում: Ուղղակի ուզում էի դառնալ տիեզերագնաց այն պաճառով, որ ունեի մի գիրք շատ սիրելի` դա գիտության մասին էր ու շատ նկարներով էր: Այդ գրքից շատ էի տպավորվել:

Եղել եմ շատ հանգիստ երեխա: Լացկան չեմ եղել, հակառակը` շատ խելոք եմ եղել ու լուրջ: Իմ սիրած զբաղմունքը գրքերի հետ խաղալն էր: Սիրում էի գրքերի հետ խաղալ, կարդալ, նկարել: Չորս տարեկանում արդեն կարողանում էի կարդալ: Իսկ 5 տարեկանում գիտեի Եվրոպայի բոլոր մայրաքաղաքները: Դպրոցում գերազանցիկ էի: Ինձ մանկական խաղերը երբերք հետաքրքիր չեն եղել: Երեւի տարօրինակ էի: Հիշում եմ, որ երբ յոթ տարեկան էի եւ պետք է արդեն դպրոց գնայի, ինձ ցանկանում էին միանգամից երկրորդ դասարան նստեցնեին:

Մանկության հուշերից վառ տպավորված է դպրոցում առաջին 2-ս, որ ստացա: Ինձ համար դա շոկային էր, քանի որ ես միայն 5 էի ստանում: Այդ ժամանակ մենք ապրում էինք Բաքվում: Ես դպրոցում անցնում է ադրբեջաներեն: Ես 2 ստացա ադրբեջաներենից: Լացելով եկա տուն: Այնպես էի լացում, որ չէի կարողանում նույնիսկ խոսք արտաբերել: Մայրիկս հարցրեց, թե ինչ է ինձ հետ պատահել: Պատմեցի ու այդ օրվանից ծնողներս ազատեցին ինձ այդ առարկայից:

Իսկ ընդհանրապես ես շատ խնդիրներ չեմ ստեղծել իմ ծնողների համար, շատ հանգիստ երեխա էի: Միակ անհանգստությունը որ պատճառել եմ ծնողներիս, դա շախմատի դպրոց գնալուս առաջին օրն էր: Այդ օրը երբեք չեմ մոռանա: Դա ինձ համար տխուր օր էր, տխուր իրադարձություն, իսկ ծնողներիս, մասնավորապես, հայրիկիս համար` ուրախալի օր: Ամբողջ ընտանիքով տանում էին ինձ, ես լացում էի, փախնում էի, չէի ուզում շախմատի գնայի: Բայց հայրիկիս իմ չուզելը չէր հետաքրքրում, նա ստիպեց մինչեւ վերջ: Հիշում եմ, թե ինչպես էի լացում, բառերով չեմ կարող նկարագրել:

Տարիներ անց, երբ ես արդեն սկսեցի հաջողություններ ունենալ շախմատում, հայրս միշտ ասում էր, որ ինքն այդ` առաջին օրը զգում էր իմ հաջողությունները, եւ որ նրան մի ներքին ձայն ստիպում էր, որ ինձ շախմատի տանելու որոշումից հետ չկանգնի: Այդ օրվա համար ես նրան շնորհակալ եմ»,- պատմեց Էլինա Դանիելյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էլինա Դանիելյանի անձնական արխիվից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով