00:37  ,  16 մայիսի, 2013

«Չելսին»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը 2:1 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային», որը եվրագավաթներում նախորդ անգամ տիտղոս նվաճել է 51 տարի առաջ:

Ամստերդամում կայացած հանդիպման առաջին խաղակեսում «Բենֆիկան» բացահայտ առավելություն ուներ եւ մի քանի գոլային պահեր կորցրեց: Լիսաբոնցիները ամեն ինչ հիանալի էին կատարում մինչեւ եզրափակիչ հարվածը, իսկ «Չելսիի» մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում: Մեկնարկային 45 րոպեներին լոնդոնցիները մեկ գոլային պահ ունեցան, սակայն Ֆրենկ Լեմպարդի հարվածից հետո բրազիլացի դարպասապահ Արտուր Մորաեսը փրկեց պորտուգալացիներին:

Ընդմիջումից հետո էլ ավելի վտանգավոր էին ստացվում «Բենֆիկայի» գրոհները, բայց 59-րդ րոպեին Ժորժե Զեժուշի թիմը պատժվեց չիրացրած գոլային պահերի համար: «Չելսիի» դարպասպահ Պետեր Չեխի ձեռքով կատարած փոխանցումից հետո Ֆերնանդո Տորեսը մեն-մենակ դուրս եկավ Արտուրի դեմ՝ առաջ մղելով «Չելսիին»: Սակայն լոնդոնցիների ուրախությունը երկար չտեւեց: 68-րդ րոպեին «Չելսիի» իսպանացի պաշտպան Սեզար Սսպիլիկուետան ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում: Ռաֆայել Բենիտեսի թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց «Բենֆիկայի» պարագվայցի հարձակվող Օսկար Կարդոզոն:

Խաղի վերջնամասն անցավ ավելի հանգիստ պայքարում: Լիսաբոնցիներն աստիճանաբար սկսեցին ազատ գոտիներ ստեղծել սեփական կիսադաշտում: Թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն ավելացված ժամանակում Բրանիսլավ Իվանովիչն անկյունային հավածի խաղարկման արդյունքում խփեց «Չելսիի» հաղթական գնդակը: 

Հիշեցնենք, որ «Բենֆիկան» եվրագավաթներում նախորդ անգամ տիտղոս էր նվաճել 1961/1962 մրցաշրջանում՝ լեգենդար Էյսեբիոյի հետ Չեմպիոնների լիգայի (Չեմպիոնների Գավաթ) եզրափակիչում 5:3 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին»:

Եվրոպայի լիգաեզրափակիչ 

«Բենֆիկա» - «Չելսի»՝ 1:2

Օսկար Կարդոզո, 68 (11մ.) – Ֆերնանդո Տորես, 59, Բրանիսլավ Իվանովիչ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում