19:12  ,  23 ապրիլի, 2013

Արթուր Դավթյան. Եվրոպայի առաջնությունում ես հավակնում էի արծաթե մեդալի

«Եվրոպայի առաջնությունում ես հավակնում էի արծաթե մեդալին։ Երկրորդ տեղը գրաված ռումինացի մարզիկը արծաթե մեդալը նվաճեց իր անվան, նվաճումների եւ հայտնի մարմնամարզիկ լինելու հաշվին։ Նա նույնիսկ մոտեցավ մեզ եւ խոստովանեց, որ իր ելույթից գոհ չէ եւ որ ինքը պետք է լիներ երրորդ տեղում։ Ուղղակի նրա անունն այստեղ մեծ դեր խաղաց եւ մրցավարները նրա անունը տվեցինք, ինչի հաշվին նրան բաժին հասավ արծաթը»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ավարտված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում: Արթուր Դավթյանը հավաքել է 14,866 միավոր՝ ցուցադրելով երրորդ արդյունքը: Եվրոպայի չեմպիոն է հռչակվել ռուսաստանցի Դենիս Աբլյազինը՝ 15,408 միավոր, իսկ ռումինացի Ֆլավիուս Կոշչին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 14,887 միավոր:

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Բարդ տրվե՞ց երրորդ տեղը։

Այո, շատ բարդ։ Սա մեծահասակների Եվրոպայի առաջնություն էր եւ ավելի բարդ էր, քան երիտասարդների առաջնությունը։ 2010 թվականին ես Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճեցի չեմպիոնի տիտղոսը հենացատկում։ Միանշանակ սա ավելի բարձր նվաճում է ինձ համար։ Արդեն մի քայլ առաջ գնացինք սպորտային մարմնամարզությունում։ Այնքանով բարդ տրվեց ինձ այս հաղթանակը, որ իմ տարրերը բարձրացրեցինք, պետք է էլի բարձրացնենք, որ արդյունքներս ավելի բարձր լինեն։

Մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը մեծ պատասխանատվություն էր, քանի որ ինձ համար ավելի բարձր մրցում էր այս առաջնությունը, չնայած անցյալ տարի մասնակցեցի լոնդոնյան Օլիմպիական խաղերին։ Լարվածությունս մեծ էր, նույնքան որքան Օլիմպիական խաղերի ժամանակ։ Բայց կարողացա ինձ տիրապետել, որ այդ լարվածությունը չխանգարի, հանգիստ ինձ պահեցի մրցահարթակում, որ չվախենամ կամ հակառակը՝ ադրենալինս շատ չբարձրանա։

Ո՞րն է քո հաջորդ քայլը լինելու, ի՞նչ նպատակ ես քո առջեւ դրել։

Նպատակս, ինչպես յուրաքանչյուր մարզիկի, օլիմպիական չեմպիոն դառնալն է։ Իհարկե, մի քիչ ամպագորգոռ է չեմպիոնի տիտղոս նվաճելու մասին ձգտումներս մեր մարզաձեւում, բայց եթե ոչ օլիմպիական ոսկի, գոնե արծաթե կամ բրոնզե մեդալ կարողանամ իմ սպորտային կարիերայի ընթացքում նվաճել։ Դա յուրաքանչյուր մարզիկի նպատակն է՝ մասնակցել եւ գրավել մրցանակային տեղ։

Եվրոպայի առաջնության նո՞ւյն նպատակով  էիր մեկնել՝ չկարեւորելով մեդալի գույնը։

Այս Եվրոպայի առաջնությունը եւ իր բարդությամբ, եւ մրցակցությամբ անկանխատեսելի էր։ Մեր հաղթանակը անսպասելի էր։ Մենք գնում էինք ոչ թե մեդալի ետեւից, այլ որ գոնե եզրափակիչ դուրս գայինք։ Մեզ համար եզրափակիչ դուրս գալը արդեն լավ արդյունք կլիներ։ Ոչ ոքս էլ չէինք սպասում, որ մեդալի կհավակնենք եւ կմրցենք բրոնզե մեդալի համար։

Մարմնամարզությունը բարդ եւ անակնկալներով լի մարզաձեւ է։ Ամեն ինչ սպասելի է՝ մեծ հավանականություն կա, որ ձեռքդ կսայթաքի, ոտքդ կոլորվի, վնասվածքից խուսափելը շատ դժվար է։ Ես նորմալ կատարեցի իմ վարժությունը եւ մտա երեք լավագույնների մեջ։ Իսկ մնացածները վնասվածքներ ստացան։ Բայց իմ արդյունքն այնքան լավն էր, որ ես հավակնում էի արծաթե մեդալին։ Երկրորդ տեղը գրաված ռումինացի մարզիկը արծաթե մեդալը նվաճեց իր անվան, նվաճումների եւ հայտնի մարմնամարզիկ լինելու հաշվին։ Նույնիսկ նա մոտեցավ մեզ եւ խոստովանեց, որ իր ելույթից գոհ չէ եւ որ ինքը պետք է լիներ երրորդ տեղում։ Ուղղակի նրա անունն այստեղ մեծ դեր խաղաց եւ մրցավարները նրա անունը տվեցին, ինչի հաշվին արծաթը բաժին հասավ նրան։ Իսկ իմ հնարավորությունները մեծ էին։ Մեր երկիրն էլ փոքր է, շատերին անծանոթ, ոչ ոք ոչ ճանաչում է, ոչ գիտի՝ Հայաստանը որտեղ է։ Դա էլ է դեր խաղում առաջնություններում։

Իսկ ի՞նչ զգացողություն քեզ պատեց, երբ մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը հանձնեցին քեզ։

Դա անբացատրելի զգացողություն է։ Կարծում եմ, դա կհասկանա այն մարզիկը, ով ապրել է այդ ամենը։ Ուրախ եմ, որ բոլորիս աշխատանքը ջուրը չընկավ եւ արդարացրեցի անձնական մարզիչիս, մեր մարզիչների եւ իմ սպասելիքները։ Այսքանով չեմ բավարարվի։ Անելիքներ շատ կան։ Սա միայն ինձ ոգեշնչեց դեպի Օլիմպիական խաղեր։ Մի քանի տարի ունեմ առջեւում։ Պետք է շատ աշխատեմ ինձ վրա, հենացատկս պետք է բարդացնենք, որպեսզի միավորներս ավելանան։ Ես պետք է մեդալ բերեմ Օլիմպիական խաղերից։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով