10:55  ,  7 մարտի, 2013

«НТВ-Плюс»-ի մեկնաբան. Մխիթարյանը ոչ մեկից վատը չէր

«Շախտյորի» պաշտպանությունն ակնհայտ զիջում է հարձակմանը: Կիսապաշտպանությունում խաղում են խելացի ֆուտբոլիստներ՝ Ֆերնանդինյոն, Մխիթարյանը, Հյուշմանը, իսկ պաշտանությունն այդ թիմի ցավոտ կողմ է:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բորուսիա» - «Շախտյոր» (3:0) խաղի՝ «НТВ-Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Ալեքսանդր Ելագինը:

Պարոն Ելագին, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Դուք մեկնաբանել եք «Շախտյորի» մասնակցությամբ երեք խաղ: Ի՞նչ կասեք «Բորուսիայի» հետ վերջին ձախողված խաղի մասին:

«Բորուսիա» – «Շախտյոր» խաղում մրցում էին անհավասար մրցակիցներ: Դա կարող էր նկատել անգամ ֆուտբոլից չհասկացող մարդը: Այսպես ասած, խաղ էր մեկ դարպասին: Ուկրաինական թիմի պաշտպանությունն ամբողջությամբ ձախողվեց: Որքան էլ ուժեղ լինի «Բորուսիան», մեկ խաղում այդքան սխալ թույլ տալն անընդունելի է:

Ասում եք անհավասար մրցակիցներ, բայց նույն «Շախտյորը» խմբային փուլում երկու շատ հաջող խաղ անցկացրեց «Յուվենտուսի» եւ «Չելսիի» հետ: Այդ թիմերը չեն զիջում «Բորուսիային»:

«Շախտյորն» այն ժամանակ գտնվում էր մրցաշարային մարզավիճակում: Լուչեսկուն փորձառու մարզիչ է եւ գիտի, թե ինչպես է պետք պատրաստել թիմին ուժեղ մրցակիցների դեմ խաղերին: Ոչ մի դեպքում չնվազեցնելով «Շախտյորի» հաջողությունները՝ պետք է ընդունել, որ «Յուվենտուսն» ու «Չելսին» այն ժամանակ այնքան էլ լավ մարզավիճակում չէին: Այսօրվա «Յուվենտուսը» լրիվ այլ մակարդակ ունի: Այն ժամանակ «Շախտյորը» նրանց հետ նայվում էր հավասար՝ գուցե անգամ ավելի լավ: Բայց «Չելսիի» դեմ լոնդոնյան խաղում ավելի շատ «Շախտյորը» պարտվեց պաշտպանությունում թույլ տված մանկական սխալների պատճառով, քան հաղթեց «Չելսին»: 0:3-ը ցավալի պարտություն էր «Բորուսիայից», բայց Դոնեցկում առաջին խաղի ժամանակ էլ պաշտպանությունը խնդիրներ ուներ: Իսկ վերջին դրվագում նաեւ դարպասապահը մանկական սխալ թույլ տվեց՝ ձեռքից բաց թողնելով գնդակը: «Շախտյորի» պաշտպանությունն ակնհայտ զիջում է հարձակմանը: Կիսապաշտպանությունում խաղում են խելացի ֆուտբոլիստներ՝ Ֆերնանդինյոն, Մխիթարյանը, Հյուշմանը: Իսկ պաշտանությունը այդ թիմի ցավոտ կողմ է: Եվրոպական մակարդակի հասնելու համար նրանց պետք է նաեւ շատ լավ դարպասապահ:

«Շախտյորը» Վիլիանի հետ եւ առաց նրա շա՞տ տարբեր թիմեր են: Բրազիլացու հեռանալուց հետո թիմը թուլացե՞լ է:

Վիլիանն, անշուշտ, լավ ֆուտբոլիստ է, բայց նա Պելե կամ Մեսի չէ: Նրան փոխարինող Թայսոնը դեռ զիջում է Վիլիանին, բայց չի կարելի «Շախտյորի» անհաջողությունը կապել բրազիլացու հեռանալու հետ: Դա ծիծաղելի է: Եվս մեկ անգամ կրկնվեմ՝ «Շախտյորի» խնդիրը պաշտպանությունն է, իսկ Վիլիանն այդ դիրքում չէր խաղում:

Ստացվում է, որ ԱՊՀ երկրների թիմերը դեռ պատրա՞ստ չեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մակարդակի խաղերում հանդես գալուն:

Ինչո՞ւ: «Շախտյորում» խաղում են մի քանի լավ ֆուտբոլիստներ: Պարզապես այդ սխալները փոշիացնում են ակումբի ամբողջ չարչարանքը: «Շախտյորն» արդեն մեկ անգամ հայտնվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, նույնն արել է նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն: «Զենիթն» էլ կարող էր հաղթել եւ դուրս գալ փլեյ-օֆֆ, եթե թիմի ներսում խնդիրներ չլինեին:

Ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: Նա լա՞վ խաղ անցկացրեց:

Նա իր մակարդակից ցածր չխաղաց: Խաղում էր այնպես, ինչպես ամբողջ թիմը: Միայնակ զինվորն անզոր է: «Բորուսիայի» դեմ խաղում նա թիմի հետ պաշտպանվում էր: Նա ոչ մեկից վատը չէր: Կարծում եմ՝ այդ խաղում ամենավատը հանդես եկավ Ռազվան Ռացը, իսկ Մխիթարյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է:  

Որքանով տեղեկացված եմ, Դուք համակրում եք «Մանչեսթեր Յունայթեդին»: Ի՞նչ եք կարծում, «Ռեալի» դեմ պատասխան խաղում Նանին արժանի՞ էր կարմիր քարտի:

Մենք այդ մասին հեռարձակումից հետո «НТВ+»-ի եթերում զրուցում էինք Կոնստանտին Գենիչի եւ Ալեքսանդր Շմուրնովի հետ: Ես ասացի, որ դա հարյուր տոկոսով կարմիր քարտ էր: Դա խախտում էր: Բոլոր այն խոսակցությունները, թե թուրք մրցավարը կոտրեց խաղը, անհիմն են: Երբ ֆուտբոլիստը բաց ոտքով հարվածում է մրցակցին, այստեղ հարցեր չեն մնում: Նանին տեսնում էր մրցակցին: Այսքան բան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով