19:50  ,  11 հունվարի, 2013

Արտակ Եդիգարյան. Կաշխատեմ շատ մարդկանց ապացուցել, որ իմ հաշվով սխալվել են

«Չեմ կարող ասել, թե ուժեղ մրցակցություն կար «Մետալուրգում»: Ավելի շատ խաղային պրակտիկայի բացակայությունն էր: Նոր մարզիչ Յուրի Մաքսիմովի ժամանակ ինձ ավելի քիչ հնարավորություն էր տրվում, իսկ նախկին մարզիչ Վլադիմիր Պյատնենկոյի գլխավորությամբ ես ավելի շատ խաղային ժամանակ էի ունենում»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջերս Դոնեցկի «Մետալուրգից» Երեւանի «Փյունիկ» վերադարձած Արտակ Եդիգարյանը:

Արտակ, վերջին կես տարին անցկացրիր «Մետալուրգում»: Ի՞նչ տվեց քեզ դա:

Շատ մեծ փորձ ձեռք բերեցի: Վատ եղավ, որ խաղալու քիչ ժամանակ ունեցա, բայց շատ բան սովորեցի եւ հասկացա: Դրսում խաղալով շատ բան ես տեսնում, սովորում: Հայաստանում ամեն բան հարազատ է, քոնն է: Այնտեղ ուժեղ մրցակցություն էր: Ամեն ինչ տարբեր էր` թե՛ թիմում, թե՛ ապրելակերպի մեջ: Ես այնտեղ մեծ փորձ ձեռք բերեցի:

Կարո՞ղ ես ասել, որ Ուկրաինայի Պրեմյեր լիգայի թիմերը՝ չհաշված «Շախտյորը» եւ «Դինամոն», շատ ավելի ուժեղ են Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերից:

Այդ թիմերին ես կավելացնեի նաեւ «Մետալիստին» եւ «Դնեպրին»: Այսօր նրանք «Դինամոյին» հավասար թիմեր են, «Շախտյորը» բոլորից բարձր է: Ընդհանուր առմամբ Ուկրաինայի Պրեմյեր լիգան ուժեղ առաջնություն է: Հայաստանից տարբերվում է:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ չկարողացար ամրապնդվել «Մետալուրգում»: Քեզ քիչ ժամանակ տրվե՞ց, թե՞ Նիկոլայ Մորոզյուկի հետ մրցակցելը  դժվար էր:

Չեմ կարող ասել, թե ուժեղ մրցակցություն կար «Մետալուրգում»: Ավելի շատ խաղային պրակտիկայի բացակայությունն էր: Նոր մարզիչ Յուրի Մաքսիմովի ժամանակ ինձ ավելի քիչ հնարավորություն էր տրվում, իսկ նախկին մարզիչ Վլադիմիր Պյատնենկոյի գլխավորությամբ ես ավելի շատ խաղային ժամանակ էի ունենում:

Չե՞ս զրուցել մարզիչի հետ: Գուցե ինչ-որ խնդիր կա՞ր:

Զրուցել եմ, խնդիր չկար: Ասացին, որ բոլորին հնարավորություն կտրվի: Փաստորեն, ինձ քիչ տրվեց հնարավորություն:

Օրեր առաջ «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը միացավ «Մետալուրգին», որտեղ նա փորձարկվելու է քո խաղացած դիրքում: Ստացվում է, որ թիմն ունի աջ պաշտպանի կարիք:

Կարծում եմ՝ թիմն այդ դիրքում խնդիր չունի: Պարզապես մրցակցության կամ այլընտրանքի համար նոր աջ պաշտպան են փնտրում:

Ինչպե՞ս ես գնահատում Հովհաննես Համբարձումյանի հնարավորությունները:

Շատ նորմալ: Չի կարելի ասել, թե շատ ուժեղ թիմ է եւ հիմնական կազմում ամրապնդվելը անհնար է: Պարզապես պետք է շատ աշխատել:

Իսկ հնարավո՞ր է, որ այդ թիմում քո դիրքն աջ պաշպանի դիրքը չէր: Գուցե դու քեզ ավելի լավ ես զգում հենակետայինի՞ գոտում:

Դա ես չեմ որոշում, այլ` թիմը: Նրանք են որոշում, թե ես իրենց որ դիրքում եմ պետք եւ պետք եմ արդյոք: Այս պահին ստացվեց այնպես, որ ես պետք չեղա: Ես ոչինչ չեմ կարող փոխել:

Բայց ո՞ր դիրքում ես դու քեզ ավելի լավ զգում:

Կարծում եմ` հենց աջ պաշտպանի: Ես աջլիկ եմ եւ այդ եզրում ավելի լավ եմ ինձ զգում:

Որո՞նք են քո առաջիկա ծրագրերը:

Վերադարձել եմ «Փյունիկ»: Այժմ մարզվում եմ: Շուտով կսկսվեն հավաքները: Ես կաշխատեմ շատ մարդկանց ապացուցել, որ նրանք սխալվել են իմ հաշվով:

Ըստ քեզ՝ փետրվարին կայանալիք ընկերական հանդիպումների ժամանակ կհրավիրվե՞ս ազգային հավաքկան:

Չեմ կարող ասել: Կանեմ ամեն բան՝ ապացուցելու համար, որ արժանի եմ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Ֆոտո՝ AP

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով