21:17  ,  17 փետրվարի, 2024

Արսեն Հարությունյանը պարգեւատրվեց Եվրոպայի առաջնության 4-րդ ոսկե մեդալով (ֆոտո)

Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի պարգեւատրումը: Հայաստանի առաջատար ըմբիշը պարգեւատրվեց Եվրոպայի 4-րդ ոսկե մեդալով: 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Մուհամեդ Կարավուսը (Թուրքիա), բրոնզե մեդալակիրներ՝ Ռոբերտ Դիգաշվիլի (Վրաստան), Իսլամ Բազարգանով (Ադրբեջան):

57 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում 10:0 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ: Ոսկե մեդալի ճանապարհին Արսեն Հարությունյանն անցկացրեց 2 գոտեմարտ, երկուսն էլ՝ 10:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2019, 2022 եւ 2023 թվականներին:

Արսեն Հարությունյանը 23 տարեկան է: 2021, 2022 եւ 2023 թվականների աշխարհի բրոնզե մեդալակիր է, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մասնակից: Սեպտեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելով, նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քիչ անց եզրափակիչի գոտեմարտ կանցակցնի Արման Անդրեասյանը (70 կգ): Չեմպիոնի տիտղոսի համար Անդրեասյանը կգոտեմարտի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ: Կիսաեզրափակիչում Անդրեասյանը 8:5 հաշվով հաղթել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում