11:39  ,  25 հունվարի, 2024

Տիգրան Սիմոնյան․ Դավիթ Խիթարյանից ժառանգութուն ենք ստացել ուռճացված վարչական կազմ, կառավարման ճգնաժամ

Շատ հետաքրքիր է, որ կոռուպցիայի դեմ պայքարողի համբավ փորձող ստեղծող Դավիթ Խիթարյանը հակակոռուպցիոն կոմիտեում մի քանի դրվագով մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Այսքանից հետո հոգաբարձուների խորհրդին մեղադրել կոռուպցիոն սխեմաների մեջ, անհեթեթություն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:

Հունվարի 9-ին ՀՖԿՍՊԻ Հոգաբարձուների խորհուրդն անվստահություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանին եւ հեռացրել պաշտոնից, Տիգրան Սիմոնյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Դավիթ Խիթարյանը չի ընդունում խորհրդի որոշումը: Տիգրան Սիմոնյանն էլ չի ընդունում Դավիթ Խիթարյանի կողմից իր եւ հոգաբարձուների խորհրդի հասցեին հնչեցված մեղադրանքները: Բուհի ռեկտորի պաշտոնի շուրջ քննարկումներն ու հակադարձ մեղադրանքները շարունակվում են: Դավիթ Խիթարյանը պատրաստվում է իր հեռացման հարցը վիճարկել դատարանում:

Պարոն Սիմոնայն, նախ շնորհավորում եմ նոր պաշտոնի կապակցությամբ: Ե՞րբ է անցկացվելու ընտրությունը, առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:

Տեղեկություն չունեմ, թե երբ կլինի ռեկտորի ընտրությունը: Կմտածեմ իմ թեկնածությունը դնելու մասին: Եթե լինի այդ ընտրությունները, կմտածեմ:

Հնարավոր է՝ չլինի՞:

Հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է: Եթե հայտարարվի պաշտոնական ընտրություն, պետք է լինեն թեկնածուներ, ներկայացնեն իրենց ծրագրերը: Ընդգծում եմ, որ ռեկտորի պաշտոնը նշանակովի չի, հոգաբարձուների խորհուրդը չի նշանակում ռեկտոր, այլ ընտրում է փակ, գաղտնի քվեարկությամբ: Վերջին նիստում ինձ էլ, որպես ժամանակավոր պաշտոնակատար, ընտրել են քվեարկությամբ:  

Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք նշանակվեցիք այս պաշտոնին:

Ես ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար եմ: Հոգաբարձուների խորհրդի վերջին նիստում, երբ անվստահություն հայտնեցին պարոն Խիթարյանին, հարց բարձրացավ, թե ով պետք է լինի ժամանակավոր պաշտոնակատար: Նշեմ, որ ժպ-ն պետք է ունենա այն բոլոր կոչումներն ու նվաճումները, որոնք ունի ռեկտորի թեկնածուն: Ես այս ինստիտուտում աշխատում եմ 1996 թվականից, գիտությունների թեկնածու եմ, դոցենտ: Հոգաբարձուների խորհրդի նիստում հնչեց իմ թեկնածությունը:

Ո՞ւմ կողմից:

Կարեն Գիլոյանի կողմից հնչեց: Պարոն Գիլոյանը, որը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, առաջարկեց տալ թեկնածուների անուններ: Հնչեցին մի քանի անուններ, որոնք չէին համապատսխանում: Վերջում պարոն Գիլոյանը իմ անունը տվեց: Խորհուրդը միաձայն քվեարկեց իմ օգտին:

Ձեզ համար անակնկա՞լ էր:

Այո, անսպասելի էր, որովհետեւ մենք նստած սպասում էինք, թե իրադարձություններն ինչ  ընթացք էին ունենալու: Անակնկալ էր նաեւ պարոն Խիթարյանի նկատմամբ խորհրդի անվստահությունը, չնայած նա ամեն ինչ արեց, որ դա իրականություն դառնա:

Ինչո՞ւ եք հեռացված եղել դեկանի պաշտոնից: 

Նախ՝ ինձ տվեցին 3 իրար հաջորդող անհիմն նկատողություններ, որից հետո այդ նկատողությունների հիմքով տվեցին հրաման, որ հեռացված եմ դեկանի պաշտոնից: Որպես դասախոս մնացել եմ իմ աշխատանքին: Ինձ անհեթեթ մեղադրանքներ էր հնչեցվում, որ որպես դեկան ես իմ պարտականությունները չեմ կատարել: Ասեմ մեկ փաստ, որ որպես դեկան պարտավոր եմ հնչեցնել այն մտքերն ու կարծիքները, որոնք հնչում են ֆակուլտետում դասախոսների, ուսանողների կողմից, ինչը ես արել եմ: Հարցերից մեկը ես մտցրեցի գիտխորհուրդ քվեարկության: Բոլոր հիմքերը կային, այդ հարցը քննարկվել էր ամբիոններում, որից հետո մտել էր ֆակուլտետի խորհուրդ, հաստատվել էր, ապա առաջարկել էի մտցնել գիտխորհուրդ: Մեր առաջարկը գիտխորհրդում քննարկվեց, դրական լուծում ստացավ, բայց այն ժամանակվա ռեկտորի փոխարինող Լուսինե Ստեփանյանը համարեց, որ ես իրավունք չունեի այդ հարցը մտցնել գիտխորհուրդ: Ըստ նրա՝ չհիմնավորված հարց էր: Ինձ համար դա անհեթեթ պնդում է: Նկատողություններից մեկը ստացել եմ դրա համար: 3 օր հետո եւս մեկ անհասկանալի նկատողություն ստացա, որ ինչ-որ հանձնարարական չէի կատարել, բայց այդպիսի բան չկար: Այս նկատողությունից հետո որոշեցի դիմել հոգաբարձուների խորհուրդ: Նամակով դիմեցի նաեւ ԿԳՄՍ նախարարին: Լավ հասկանում եմ, որ նախարարությունը մեր գործատուն չի եւ չի միջամտում ներքին հարաբերություններին, բայց նպատակս էր ցույց տալ, թե ինչ անօրինականություններ են տեղի ունենում բուհում: Նախարարությունից պատասխան ստացանք, որ դա աշխատանքային պրոցես է, որը կարող ենք վիճարկել դատարանում: Քանի որ հոգաբարձուների խորհուրդը մեր գործատուն է, բուհի բարձրագույն ղեկավարման մարմինը եւ իրավասու է լուծել նման հարցեր, ես նպատակահարմար չգտա այդ փուլում դիմել դատարան, փոխարենը դիմեցի  խորհրդին: Ստեղծվեց առանձին հանձնաժողով, ինձանից եւ տիկին Ստեփանյանից ուզեցին տարբեր հիմքեր: Հանձնաժողովը բոլոր ապացույցները բերեց, որ ինձ ուղղված նկատողությունների հիմքերն բացակայում են: Որոշում ընդունվեց, որ ռեկտորը կամ ռեկտորի փոխարինողը պետք է բացառեն այդ նկատողությունները, սակայն դա չկատարվեց ոչ մեկի կողմից:

Եւս մեկ անհեթեթ, աբսուրդային նկատողություն ինձ տվեց էթիկայի հանձնաժողովը, որն ուղղորդված էր: Նկատողությունը նրա համար էր, որ ես հարցազրույցներում բարձրացնում էի տարբեր հարցեր, որոնք հուզում էին ուսանողությանը, դասախոսներին: Ես օգտագործել եմ ազատ խոսքի իմ իրավունքը, ինչի պատճառով ինձ նկատողություն են տալիս, իսկ ես որպես բուհի մասին մտածող մարդ, մասնագետ, բարձրացրել եմ այն հարցերը, որոնք հուզում են բոլորին: Այդ ժամանակ ինստիտուտում առկա էր կառավարման սուր ճգնաժամ, ահավոր իրավիճակ էր տիրում այստեղ, հետապնդում էին ուսանողներին, դասախոսներին, ովքեր համարձակվում էին իրենց ձայնը լսելի դարձնել, պարզաբանումներ պահանջել:

Նշեցիք, որ երրորդ նկատողությունն ուղղորդված էր: Ո՞ւմ կողմից:

Լիովին ուղղորդված էր, քանի որ էթիկայի հանձնաժողովում դեռ այն ժամանակ Լուսինե Ստեփանյանի նկատմամբ կային վարքագծի հետ կապված դիմումներ, որոնք այդպես էլ չեն քննարկվել:

Նկատողությունն ուղղորդված է եղել Դավիթ Խիթարյանի եւ Լուսինե Ստեփանյանի կողմից, որն այդ ժամանակ ռեկտորի փոխարինողն էր: Չնայած այդ ընթացքում Դավիթ Խիթարյանը գտվում էր արձակուրդում, բայց ամենօրյա ռեժիմով գնում-գալիս էր ինստիտուտ: Այդ ամենը տեղի է ունեցել նրա լավ իրազեկվածությամբ:

Ամեն դեպքում, դեկանի պաշտոնից Ձեր հեռացման հրամանը ինչո՞ւ չվիճարկեցիք դատարանում:

Ես չէի ուզում, որ իմ հարազատ բուհն իմ պատճառով քաշքշուկների մեջ ընկներ, առանց այդ էլ բոլորն են տեղյակ, թե մեր ինստիտուտի հետ կապված քանի գործ կա դատարաններում, այդ թվում նաեւ պարոն Խիթարյանի հետ կապված: Նպատակահարմար չգտա այդ ճանապարհով գնալ: Մենք գտանք այլ ճանապարհ, որն իր արդյունքը տվեց: Իմ հարցի հետ կապված հոգաբարձուների խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովում աշխատել են իրավաբաններ, խորհրդի անդամներ: Այդ որոշումների արձանագրությունները հրապարակված են պաշտոնական կայքում, որտեղ գրված է, որ իմ նկատմամբ կիրառված նկատողությունները եռօրյա ժամկետում պետք է բացառվեն: Ո՛չ Դավիթ Խիթարյանը, որը վերադարձավ իր պաշտոնին, ո՛չ Լուսինե Ստեփանյանը, նպատակահարմար չգտան կատարել հոգաբարձուների խորհրդի որոշումները, ինչը նորից մեծ խախտում էր:

Դավիթ Խիթարյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշել է, որ Դուք նշանակվելով ժամանակավոր պաշտոնակատար, արդեն անօրինականություն եք արել՝ պրոռեկտորի պաշտոնից հեռացված Անժելա Նուշիկյանին վերանշանակելով նույն պաշտոնին:

Անժելա Նուշիկյանի հեռացման հրամանը տրվել է աշխատանքային օրը վերջանալուց հետո, առանց հիմնավորումների, զգուշացումների: Մենք այդ հարցը քննարկել ենք տարբեր իրավաբանների հետ: Դավիթ Խիթարյանը մեզ անդադար հորդորում էր՝ դիմել դատարան: Կարող էին դիմել, բայց այդ ամենը նրա համար կլիներ միայն ժամանակ շահել: Տիկին Նուշիկյանին հեռացրել էին մի քանի հիմքերով, որոնցից ոչ մեկը չէր համապատասխանում իրականությանը: Ես, արդեն որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նպատակահարմար եմ գտել վերականգնել տիկին Նուշիկյանին:

Ի՞նչ խնդիր կար Դավիթ Խիթարյանի եւ Անժելա Նուշիկյանի միջեւ: Ինչո՞ւ պետք է նախկին ռեկտորն առանց հիմքերի հեռացներ պրոռեկտորին:

Այն պահից, երբ հոգաբարձուների խորհուրդը եւ ԿԳՄՍ նախարարությունը նախկին ռեկտորի գործունեությունը կասեցնելու ժամանակ որոշեցին ռեկտորի պարտականությունները դնել Անժելա Նուշիկյանի վրա, նրա եւ Դավիթ Խիթարյանի հայացքները բախվեցին: Զարմանալի չէր, որովհետեւ միշտ, երբ Խիթարյանը բացակայել է Հայաստանից, ռեկտորի պարտականությունները կատարել է Նուշիկյանը: Թե լրացուցիչ ինչ ուներ պահելու Դավիթ Խիթարյանը, որ չէր ուզում «ջրի երես» դուրս գար Անժելա Նուշիկյանի պաշտոնավարման ընթացքում, կպարզվի հետագայում: Հակակոռուպցիոն կոմիտեում պարոն Խիթարյանի վրա մի քանի դրվագով գործ է հարուցված: Շատ հետաքրքիր է, որ կոռուպցիայի դեմ պայքարողի համբավ փորձող ստեղծող պարոն Խիթարյանը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, մեղադրյալի կարգավիճակ ունի: Այսքանից հետո հոգաբարձուների խորհրդին մեղադրել կոռուպցիոն սխեմաների մեջ, անհեթեթություն է, անգրագիտության գագաթնակետ:

Հոգաբարձուների խորհրդում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը շատ լավ համբավ ունի սպորտի աշխարհում: Այդ մարդուն ուղիղ մեղադրում է, որ հովանավորչություն է կազմակերպում. աբսուրդ է: Կազմում ընդգրկված է նաեւ վարչապետի խորհրդականներից մեկը: Նա՞ էլ է մեղադրվում կոռուպցիայի մեջ: Բոլորը հոգացավ, սրտացավ մարդիկ են, որոնք ցանկանում են, որ ինստիտուտը զարգանա: Պարոն Խիթարյանը բոլորին մեղադրում է: Ենթադրելով մարդկանց չեն մեղադրում, եթե չկան հիմքեր:

Երբ նա ասում է, որ պայքարում է հին բարքերի դեմ, ուշադրություն շեղելու ինչ-որ ձեւ է: Պարոն Խիթարյանը համեստորեն լռում է, որ ինքը եւս  աշխատել է բուհում անցած ժամանակներում, չի պատմում, որ երկու անգամ տարբեր ռեկտորների օրոք հեռացվել է բուհից: Նա այն մարդն է, ում դուրս են հանել ձյուդոյի ֆեդերացիայից, սպորտդպրոցի տնօրենի պաշտոնից: Այս պարագայում ո՞վ է ավելի հին կամ նոր: Եթե իսկապես նա պայքարել է մի խմբակի դեմ, որոնք փորձել են հին բարքերը հետ բերել բուհ, ի՞նչ է արել նա, ինչպե՞ս է պայքարել այդ խմբակի դեմ, ստեղծել է իր խմբա՞կը:

Ձեր եւ Դավիթ Խիթարյանի դիրքորոշումները ե՞րբ բախվեցին:

Նշեցի, որ կար կառավարման ճգնաժամ: Ըստ պաշտոնական տվյալների, բուհում կա 166 դասախոս եւ 159 վարչական աշխատող: Տվյալ պարագայում ոչ մի բուհ չի կարող նորմալ գործել, որովհետեւ ցանկացած բուհի շարժիչ ուժը դասախոսներն են եւ ուսանողները: Պարոն Խիթարյանի «բարեփոխումների» ընթացքում հնարավոր էր նորից դասախոսների կրճատումներ, ինչը միայն բացասական ազդեցություն կթողներ ինստիտուտի վրա: Անտեսվում էին դասախոսների, ամբիոնների վարիչների կարծիքները: Ես, որպես ինստիտուտի սրտացավ մարդ, չէի կարող անմասն մնալ այս խնդիրներից: Այս թեմայի շուրջ սկսեցինք վիճել պարոն Խիթարյանի հետ, հասանք նրան, որ մտանք անձնական դաշտ: Նա մտավ անձնական դաշտ, ես ինձ թույլ չեմ տա աշխատանքային վեճը տանել անձնական դաշտ: Ուսանողների ձայնը եւս լսելի չէր: Բուհում եղան դասադուլներ: Այդ ընթացքում ես մի քանի հարցազրույց տվեցի, որոնց ընթացքում հնչեցրի ուսանողների եւ դասախոսների կոչը: Իմ երրորդ նկատողությունը հենց դրա համար էր եւ մեկնաբանվեց այնպես, որ իմ հարցազրույցը բացասական է ազդել բուհի համբավի վրա: Բուհի հեղինակության հետ եմ խաղացել:

Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ անակնկալ էր Դավիթ Խիթարյանի նկատմամբ խորհրդի անվստահությունը: Այս ամենից հետո անակնկա՞լ էր:

Իսկապես անակնկալ էր: Պարոն Խիթարյանն անտեսեց այն բոլոր հանձնարարականները, հարցադրումները, որոնք ուղղվել էին խորհրդի կողմից: Կային խախտումներ, մեծ ֆինանսական խախտումներ, որոնց հիմքով հակակոռուպցիոնում կան գործեր: Մարդիկ ուզում էին դրանց պատասխաններն իմանալ: Նա նշում է, որ բոլոր հանձնարարականները կատարել է, իրենից բացատրագիր չեն ուզել: Հարցն այն է, որ ուզել են:

Ամփոփելով՝ ի՞նչ ժառանգություն եք ստացել Դավիթ Խիթարյանից:

Եթե կարճ՝ շատ վատ: Ուռճացված վարչական կազմ, պաշտոններ, որոնք ստեղծված են եղել կոնկրետ մարդկանց համար, կառավարման ճգնաժամ, որը շատ արագ կերպով պետք է կարողանանք լուծել: Ես ոչ մի խնդիր չունեմ պարոն Խիթարյանի հետ, բայց ինքը, կարծես, ունի, որովհետեւ նա հիմա էլ հասել է իմ անձնական, ընտանեկան խնդիրներին: Նրա ձեռագիրն է: Խորհուրդ բոլորին․ բոլորի կողմից հարգանք վայելող մարդկանց ենթադրելով չեն մեղադրում կոռուպցիայի մեջ: Կոռուպցիան լուրջ մեղադրանք է: Այնպիսի տպավորություն է, որ կամ Դավիթ Խիթարյանը չի հասկանում, թե ինչ մարմին է հոգաբարձուների խորհուրդը, կամ հասկանալով է այդ ամենն անում, փորձելով մոլորության մեջ գցել մարդկանց: Երկուսն էլ իրեն պատիվ չի բերում: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով