09:04  ,  4 հունվարի, 2024

Մալխաս Ամոյան․ Հայ մարզիկներին մաղթում եմ ավելի շատ օլիմպիական ուղեգրեր եւ շատ օլիմպիական մեդալներ

Մրցաշրջան-2023-ում հայ երկրպագուներին փառահեղ հաղթակով ուրախացրեց հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխս Ամոյանը:

Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում 24-ամյա ըմբիշը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ավարտված մրցաշրջանում Մալխաս Ամոյանը եւս մեկ հաղթանակ ունեցավ աշխարհի առաջնությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Իսկ ամենամեծ հաղթանակը եղավ Հայաստանում եւ աշխարհում ամենաքննարկվող 77 կգ քաշային կարգում Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի նվաճումը: Փարիզ-2024-ը կլինի Մալխաս Ամոյանի առաջին Օլիմպիական խաղերը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մեծ նվաճումներով լի 2023 թվականը:

Մրցաշրջան-2023-ը...

Տարին հաջող էր ինձ համար միայն մեկ բացթողումով, որ չկարողացա աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դառնալ: Այս մրցաշրջանում կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, գլխավոր նպատակս իրականացրի՝ օլիմպիական ուղեգիր նվաճեցի, բայց ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում բավարարվեցի միայն բրոնզե մեդալով: Ինձ համար միջին գնահատական կտամ մրցաշրջանի ընթացքում գրանցածս արդյունքներին: Կարող էի ավելին անել, չկարողացա այնպես անել, որ ավելի բարձր դիրքում լինեի

Տարվա ամենամեծ հաղթանակը...

Կառանձնացնեմ Եվրոպայի առաջնությունում հաղթանակս: Շատ ուրախ եմ, որ դարձա կրկնակի չեմպիոն: 

Ձախողումը...

Տարվա ձախողում կմահարեմ աշխարհի առաջնությունը, որտեղ պարտվեցի կիսաեզրափակիչում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնությունը...

Այս հաղթանակն ինձ համար առանձնահատուկ է: Այն միշտ կհիշեմ վերջին վայրկյաններով հաղթանակով: Եզրափակիչում պարտվում էի մինչեւ վերջին վայրկյանը, բայց մեկ ցատկով կարողացա հետ բերել միավորներս եւ հաղթել: Իրոք, դա անհավանական ցատկ էր, ես էլ չէի պատկերացնի, որ մեկ ցատկով կկարողանամ հետ բերել միավորներս: Գուցե այլեւս չկարողանամ կրկնել նման ցատկ: Երբեք նման հնարք չէի կատարել: Չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ վերջին պահին, ինքնաբուխ ցատկեցի եւ ստացվեց: Երբ պարտվում ես, վերջին վայրկյաններին, անկախ քեզնից, դու էլ ես հոգնում այդ պայքարից, բայց ինձ օգնեց հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ հաղթելու մեծ ցանկությունը: Մինչեւ վերջին պահը չէի համակերպվում, որ բաց եմ թողնում կրկնակի չեմպիոնությունը:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը...

Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձա իմ սխալի պատճառով: Կիսաեզրափակիչում ադրբեջանցի մրցակցի հետ սխալ հնարք կատարեցի, որի մեղավորը միայն ես էի: Ես սխալ թույլ տվեցի, իսկ մրցագորգը չներեց ինձ իմ սխալի համար, դաս եղավ գոտեմարտի մնացած ընթացքում: Նաեւ տակտիկապես սխալ գոտեմարտ անցկացրի: Ամեն դեպքում ցանկացած պարտություն իմն է, իմ մեղքով է, այդ պատճառով էլ զրկվեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսից, հնարավորություն չունեցա պայքարել ոսկե մեդալի համար: 

Փարիզի Օլիմպիական ուղեգիրը...

Փառք Աստծո, ինձ հաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր: Կարող էր ավելի վատ լինել, հակառակը լինել, ոչ մեդալ նվաճեի, ոչ ուղեգիր: Շնորհակալ եմ Աստծուն, որ ես այսօր ունեմ օլիմպիական ուղեգիր: Երբ 82 կգ քաշային կարգում դարձա աշխարհի չեմպիոն, որոշեցի, որ հաջորդ պայքարս պետք է լինի օլիմպիական քաշում օլիմպիական ուղեգրի համար: Այսօր այդ նպատակս իրականացավ, ես հաջողությամբ փոխեցի քաշս եւ կարողացա նվաճել ինձ համար բաղձալի եւ իմ առաջին օլիմպիական ուղեգիրը: Այժմ քայլ առ քայլ շարժվում եմ դեպի Փարիզի Օլիմպիական խաղեր:

Այս փուլում փորձում եմ չգերագնահատել Օլիմպիական խաղերը, տեսնել մյուս մրցաշարերի հետ նույն հարթության վրա, ոչ էլ թերագնահատում եմ: Ինձ թվում է՝ եթե ավելի դասեմ, գուցե դա ինձ խանգարի օլիմպիական մրցագորգում:

Խնդիր եմ դրել իմ առջեւ, մինչեւ Օլիմպիական խաղեր ուղղել բոլոր սխալներս, պատրաստվել բոլոր մրցակիցների դեմ հավասար, չկենտրոնանալ մեկ մրցակցի վրա եւ փորձել իրականացնել իմ մանկության երազանքը: Աստված հնարավորություն է տվել ինձ հասնել իմ երազանքին: Մնացածն արդեն ինձանից է կախված: Կփորձեմ ամեն ինչ անել, աշխատել, արդյունքը ցույց կտա գորգը:

2023-ի կատարված երազանքը...

2023-ին երեք մեծ երազանք ունեի՝ Եվրոպայի չեմպիոնություն, աշխարհի առաջնության ոսկե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր: Կատարվեց Եվրոպայի երկրորդ չեմպիոնությունը եւ օլիմպիական ուղեգիր: Այս առումով ոչ լիարժեք կատարվեց երազանքներս, բացակայեց միայն աշխարհի չեմպիոնությունը:

2024-ի մեծ երազանքը...

Ինչպես բոլորը, ես նույնպես օլիմպիական տարում մեծ երազանքս կապում եմ Օլիմպիական խաղերի հետ եւ ցանկանում եմ դառնալ օլիմպիական չեմպիոն: Նաեւ կձգտեմ երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իմ երազանքները դեռեւս միայն կապված են մարզական կարիերայիս հետ: Երբ իրականացնեմ իմ բոլոր երազանքները սպորտում, արդեն կսկսեմ երազել այլ բաների մասին սպորտից դուրս:

Նամակ ինքդ քեզ...

Ինքս ինձ նամակ չէի գրի: Դրա փոխարեն կդիմեի Աստծուն եւ շնորհակալություն կհայտնեի այն ամենի համար, ինչ տվել է ինձ, ինչին կարողացել եմ հասնել, այն հնարավորությունների համար, որ ինձ տալիս է: Ինքս ինձ կդժվարանամ ինչ-որ խոսքով դիմել:

Նամակ Ձմեռ պապին... 

Ձմեռ պապին նամակ կգրեի եւ կխնդրեի միայն մեկ բան, որ լինի խաղաղություն մեր երկրում: Մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, եւ մենք կարող ենք անել, հասնել, ունենալ, ստանալ:

Շնորհավորում եմ բոլորին Ամանորի եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Թող լինի խաղաղության եւ նպատակների իրականացման տարի: Հայ մարզիկներին մաղթում եմ ավելի շատ օլիմպիական ուղեգրեր Փարիզ-2024-ում եւ շատ օլիմպիական մեդալներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով