09:09  ,  1 հունվարի, 2024

Արթուր Ալեքսանյան․ Մաղթում եմ, որ 2024-ը լինի հզորացման, հաջողությունների ու մեծ հաղթանակների տարի

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո հայկական մարզաշխարհում, երկրպագուների շրջանում խոսվում էր Օլիմպիական խաղերի ոսկե արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ մարզական կարիերան ավարտելու մասին: Շատերի կարծիքով, օլիմպիական չեմպիոնը վստահաբար չէր շարունակի մնալ սպորտում: Տոկիոյում ոսկե մեդալը անորոշ մրցավարության արդյունքում մրցակցին զիջելուց հետո, Ալեքսանյանը ոչ միայն չլքեց մեծ սպորտը, այլեւ շարունակեց նվաճել բարձր տիտիղոսներ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում՝ իր հաղթանակներով «ջնջելով» սպորտից հեռանալու մասին բոլոր կարծիքները:

Մրցաշրջան-2023-ում էլ հայկական սպորտի լեգենդը շարունակեց փառահեղ հաղթանակներ տանել․ նախ՝ Եվրոպայի առաջնությունում՝ 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը, ապա՝ աշխարհի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ նախաօլիմպիական տարվա ամենամեծ հաղթանակը իր 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճելն էր:

Արթուր Ալեքսանյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2023-ը եւ խոսել իր ամենամեծ երազանքի մասին:

Արթուր, ինչպիսի՞ն ստացվեց մրցաշրջան-2023-ը քեզ համար: Ի՞նչ գնահատական կտաս քեզ, քո գրանցած արդյունքներին նախաօլիմպիական տարում:

Տարին լավ ստացվեց ինձ համար: Իսկապես, ես կարողացա անել այն, ինչ ծրագրել էի, մի բացառությամբ՝ աշխարհի առաջնության ոսկու փոխարեն արծաթ նվաճեցի: Մասնակցեցի երկու մրցաշարի՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ ունեցա հաղթանակներ: Կառանձնացնեմ Եվրոպայի առաջնությունը, որը շատ լավ ստացվեց ինձ համար, հաղթեցի 6-րդ անգամ: Եզրափակիչում փոքր վնասվածք ստացա, բայց հաղթեցի, ամեն ինչ լավ անցավ:

Մասնակցեցի նաեւ աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային էր Փարիզ-2024-ի համար: Սա ինձ համար տարվա կարեւոր մրցաշարն էր, որպեսզի կարողանայի վարկանիշ ձեռք բերել: Այդպես էլ արեցի: Ճիշտ է, աշխարհի ոսկին էր պետք, բայց տարին լավ եմ գնահատում ինձ համար: Ամենակարեւորը, որ ունեմ օլիմպիական ուղեգիր: Հանգիստ կպատրաստվեմ Փարիզի Օլիմպիական խաղերին:

Աշխարհի առաջնությունում շատ մոտ էիր 5-րդ չեմպիոնությանը, բայց վերջում ինչ-որ բան չստացվեց: Ի՞նչը պակասեց:

Իսկապես շատ մոտ էի 5-րդ ոսկե մեդալիս: Շատ լավ մարզավիճակում էի: Կարելի է ասել, մի շնչով հաղթել էի բոլոր մրցակիցներիս եւ հասել երզափակիչ: Եզրափակիչում էլ գոտեմարտի մեկնարկից ամեն ինչ գնում էր իմ պլանավորածով, շատ լավ գոտեմարտ էի անցկացնում, բայց վերջին վայրկյաններին ինչ-որ պահի բաց թողեցի, նայեցի ժամանակին, որ մնացել է մի քանի վայրկյան:

Երեւի, մի քիչ շուտ հավատացի հաղթանակիս ու թուլացրեցի: Իմ կարծիքով, հենց դա եղավ իմ խնդիրը, պարտության պատճառը: Իմ մարզական կարիերայում չէր եղել, որ գոտեմարտի վերջին վայրկյաններին հաղթելիս միավոր տամ ու պարտվեմ: Մի քիչ շուտ հավատացի հաղթանակիս, թուլացրի, միավորը տվեցի եւ ձեռքիցս բաց թողեցի ոսկե մեդալը: Ցավալի էր:

Նաեւ ուզում եմ նշել մի փաստ. գոտեմարտի ավարտից հետո, երբ վերանայեցի գոտեմարտս, կուբացի ըմբիշը ոտքով էր արել: Ուղղակի վերջին վայրկյաններն էին, նրա միավոր վաստակելուց հետո մի պահ խառնվեցի իրար, չկողմոնորոշվեցինք բողոքարկման հարցում: Եթե բողոքարկեինք, խախտումը կտեսնեին եւ միավորը կհանեին: Մնացել էր 20-25 վայրկյան, որ ես հաղթեի, նա այդ վայրկյաններում միավոր վաստակեց, ես շփոթմունքի մեջ հայտնվեցի եւ չհասցրինք բողոքարկման կոճակը սեղմել:

Վերջին տարիներին քո մասնակցությամբ եզրափակիչներում հաճախ են լինում մրցավարական միջամտությունները, դու ինքդ էլ այդ մասին բարձրաձայնում ես: Այս առաջնությունում կա՞ր մրցավարական կողմնապահություն քո նկատմամբ, թե՞ համարում ես, որ պարտությունում քո մեղքի բաժինը կար:

Չէ, այս անգամ իսկապես չկար մրցավարական միջամտություն: Առաջին գոտեմարտից էլ ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Նույնը կասեմ եզրափակիչի մասին: Այստեղ ես ժամանակից շուտ հավատացի իմ հաղթանակին: Որքան էլ հետհայացք եմ գցում, վերլուծում եմ, զգոնությունս թուլացնելը դարձավ պարտությանս պատճառը: Որեւէ այլ պատճառ ու խնդիր չկա:

Աշխարհի առաջնության օրերն այս անգամ եւս համընկան պատերազմական օրերի հետ, ռազմական գործողություններ, արցախցիների բռնի տեղահանում... Որքանո՞վ այս իրադարձությունները ազդեցին քեզ վրա, քո մրցելույթների վրա:

Այդ օրերին շատ ծանր շրջան էր ինձ համար, բոլորիս համար: Արդեն որերրորդ անգամ պատերազմական օրերը համընկնում են աշխարհի առաջնության օրերի հետ, իմ մրցելույթների օրերի հետ: Չէր կարող այդ ամենն իր ազդեցությունը չունենալ մեզ վրա: Որպես հայ, բոլորի նման իմ վրա էլ է ազդում, ամբողջ թիմի վրա է մեծ ազդեցություն թողնում: Որքան էլ կարեւոր մրցաշարի ես մասնակցում, որտեղ էլ լինես, ուղեղով երկրիդ, հայրենակիցներիդ հետ ես: Մենք էլ մեր երկրի, արցախցիների, Արցախի հետ էինք: Անընդհատ նորությունները կարդալով էինք զբաղված: Ճիշտ է՝ փորձում էինք չնայել գոնե մինչեւ մրցաշարի ավարտը, բայց չէր ստացվում, չէինք կարողանում չհետեւել, չանհանգստանալ, չազդվել:

2022 թվականին էլ նույն իրավիճակն էր: Ես դարձա աշխարհի չեմպիոն, այդ օրը նորից սկսվել էր ագրեսիան, պատերազմը, բոլորիս միտքը Արցախում էր: Ես 4-րդ անգամ հռչակվեցի աշխարհի չեմպիոն, բայց այդ ոսկե մեդալն ինչ չկարողացավ օգնել, սփոփել, ուրախացնել, որովհետեւ իմ երկրում պատերազմ էր: Նույն զգացողություններն ապրեցի Բելգրադում մեկ տարի անց: Ասես՝ հատուկ այդպես լիներ:

Մարզիկներիս վրա խորապես անդրադառնում է յուրաքանչյուր իրադարձություն, որը կապված է հայրենիքի, Հայաստանի հետ:

Աշխարհի առաջնությունում նվաճեցիր քո 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տոկիո-2020-ից հետո շատերը վստահ էին, որ կավարտես կարիերադ: Ի՞նչը դրդեց, որ պայքարես 4-րդ Օլիմպիական խաղերի համար:

Մեծ սպորտում ունեմ մի երազանք՝ մարզական կարիերաս ավարտել մեծ հաղթանակով: Այդ ճանապարհի վերջը ցանկանում եմ, որ լինի մեծ հաղթանակ: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո հասկացա, որ այսպիսի ավարտ չեմ ցանկանում ունենալ: Տոկիոյի եզրափակիչում, իմ կարծիքով, բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Բացի այդ ես վնասվածքով էի մասնակցում եզրափակիչին. կիսաեզրափակիչում վնասվածք էի ստացել: Տոկիո-2020-ից հետո երկար եմ մտածել, մարզիչիս հետ խոսեցի, հասկացանք, որ սա դեռ վերջը չի, շարունակելու եմ մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Տոկիոյից հետո իմ ցույց տված արդյունքները, նվաճումներս ապացուցում են, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել:

Այսինքն, եթե Տոկիո-2020-ում դառնայիր կրկնակի օլիմպիական չեմպիոն, կավարտեի՞ր կարիերադ:

Վստահ չեմ կարող ասել, բայց շատ հնարավոր էր, գուցե, ավարտեի: Այժմ իրականությունն այն է, որ պատրաստվում եմ Փարիզի Օլիմպիական խաղերին: 

Արդեն շուրջ տասը տարի է ես պատրաստվում եմ բոլորի դեմ, բոլորը պատրաստվում են իմ դեմ: Սպորտի օրենքն է: Եթե հավակնում ես ոսկու, պետք է դիմանաս ցանկացած ճնշումների:

Արթուր, մրցակիցներդ աստիճանաբար երիտասարդանում են: Տարիքը չի խանգարու՞մ քեզ:

Ես չեմ զգում տարիքը: Չի լինում այնպես, որ ես զգամ՝ տարիքս ինձ խանգարում է: Ինչպես նախկինում, ավելի երիտասարդ տարիներում էի մարզվում, այնպես էլ հիմա: Բոլոր հավաքներին, մարզումներին մասնակցում եմ, մարզում չի եղել, որ բաց թողնեմ: Սկզբից մինչեւ վերջ մարզվում եմ:  Ֆիզիկական տվյալներս թույլ են տալիս, ես զգում եմ, որ կարող եմ, պատրաստ եմ: Եթե զգամ՝ այլեւս չեմ կարողանում, այդ ժամանակ էլ կավարտեմ կարիերաս:

Ի՞նչ սպասել Փարիզ-2024-ի մրցագորգում Արթուր Ալեքսանյանից:

Խոստումներ տալ չեմ սիրում, բայց անելու եմ առավելագույնը, որպեսզի նվաճեմ ոսկե մեդալը: Առանց ինձ խնայելու ամեն ինչ անելու եմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի հաջողությունը Փարիզում կրկնեմ:

Մրցաշրջան-2023-ում ամենամեծ ձեռքբերում ո՞րը կհամարես:

Թերեւս, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տարին նախաօլիմպիական էր, եւ ամենակարեւորը ուղեգիրն էր ինձ համար:

Ինչի՞ համար ես ափսոսում 2023-ում:

Աշխարհի առաջնության եզրափակիչի համար, որ զգոնությունս թուլացրի եւ 5-րդ ոսկե մեդալը ձեռքիցս բաց թողեցի: Վերջին մի քանի վայրկյանի համար եմ ափսոսում, որովհետեւ այնքան մոտ էր հաղթանակը... Իրոք, շատ ափսոս էր:

Ո՞րն է 2024-ի մեծ երազանքդ:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճելը: 2024-ի գլխավոր նպատակս, երազանքս դա է: Փետրվարին մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը: Գուցե, մասնակցեմ նաեւ միջազգային մրցաշարերին, բայց քիչ հավանական է: Այս պահին խանգարող վնասվածքներ չունեմ: Թեթեւ վնասվածքներ կան, բայց շատ լուրջ չեն: Տարին ավարտեցինք ծաղկաձորյան հավաքով: Լավ մարզումներ ենք անցկացրել, լավ մարզավիճակում եմ:

Եթե նամակ գրեիր Ձմեռ պապին...

Կխնդրեի խաղաղություն մեր երկրին:  Այդ մի բանը կուզեի, որ մեր երկրում խաղաղություն լինի, մեր զինվորները խաղաղ երկնքի տակ ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ: Ուրիշ բան չեմ ուզում: 

Հավատո՞ւմ ես ամանորյա հրաշքին:

Այո: Առհասարակ հրաշքներին հավատում եմ: Իմ կյանքում գուցե այդպիսի հրաշք չի եղել, բայց լավ բաներ շատ են եղել:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող խաղաղություն լինի մեր երկրում: Վերջին տարիները շատ ծանր էին մեր երկրի, ազգի համար: Թող այսքանով ավարտվի այդ ամենը։ Մաղթում եմ, որ 2024-ը լինի հզորացման, հաջողությունների ու մեծ հաղթանակների տարի: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով