22:21  ,  11 նոյեմբերի, 2023

Վահագն Չալյան․ Երկրպագուների աջակցությունը շատ օգնեց մեզ

Այսօր բավարարվեցի բրոնզե մեդալով: Ուրախ եմ, որ սեփական հարկի տակ կարողանում ենք մեդալներ նվաճել եւ ուրախացնել մեր ազգին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի բրոնզե մեդալակիր Վահագն Չալյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում 88 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճեց Հայաստանի թիմի չորրորդ բրոնզե մեդալը:

«Աշխարհի առաջնությունն տարվա ամենադժվար մրցաշարն է: Բոլոր ելույթներիցս գոհ եմ: Կիսաեզրափակիչում կարող էի հաղթել մրցակցիս: Այսօր բավարարվեցի բրոնզե մեդալով: Այս տարվա ընթացքում այդ մրցակցիս հաղթել էի երկու անգամ: Այստեղ չստացվեց: Դժվար ենթախմբում էի հայտնվել: Բոլոր մրցակիցներս ուժեղ էին:

Ինձ համար յուրահատուկ էր այս աշխարհի առաջնությունը նրանով, որ Հայաստանում էր, մեր հարկի տակ: Երկրպագուների աջակցությունը շատ օգնեց մեզ: Ուրախ եմ, որ սեփական հարկի տակ մեդալներ նվաճելով կարողանում ենք ուրախություն պարգեւել հայ ազգին»,- ասաց Վահագն Չալյանը:

Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետեւ առավելության հասել տաջիկ մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակիչում պարտվել է Ժալամբեկ Ասիմբեկովին (Ղրղզստան) եւ դարձել բրոնզե մեդալակիր։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում