21:18  ,  13 սեպտեմբերի, 2023

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստը միացավ «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել հոլանդացի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա խաղացողը նիդերլանդական «Գրաֆսխապի» սան է, որի գլխավոր թիմում ելույթներից հետո տեղափոխվել է երկրի ամենահաջողակ ակումբ՝ «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Ամստերդամյան երիտասարդական թիմի հետ միասին ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել երկրի հզորությամբ երկրորդ լիգայում, որտեղ, ընդհանուր առմամբ, անցկացրած 176 խաղում խփել է 60 գոլ ու 19 գոլային փոխանցում։

Այնուհետև, Հենդրիկսը պայմանագիր է կնքել Նիդերլանդների քառակի չեմպիոն «Իգլսի» հետ։ Բարձրագույն լիգայում Հենդրիկսը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավաթի խաղարկություններում 28-ամյա ֆուտբոլիստը 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։

Զուգահեռաբար, Սեմը հրավերներ է ստացել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներից, իսկ երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 20 տարեկանում։

Հենդրիկսը հանդես է եկել նաև Բելգիայում։ Նիդերլանդցու նախորդ ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիան», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով