18:01  ,  31 օգոստոսի, 2023

«Մերսեդեսը» երկարաձգեց պայմանագրերը Հեմիլթոնի եւ Ռասելի հետ

Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմը երկարաձգեց պայմանագրերը աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի եւ Ջորջ Ռասելի հետ մինչեւ 2025 թվական, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Լյուիս Հեմիլթոնը «Մերսեդեսի» մրցարշավորդ է 2013 թվականից։ Այս ընթացքում Հեմիլթոնը 82 հաղթանակ է տարել առաջնության փուլերում, նվաճել է 6 տիտղոս։ Հեմիլթոնի մրցելույթների շնորհիվ «Մերսեդեսը» 8 անգամ նվաճել է Նախագծողների գավաթը։

Ջորջ Ռասելը «Մերսեդեսի» պատանեկան ծրագրին միացել է 2017 թվականից։ 2022 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռասելը հեռացավ «Ուիլյամսից»՝ փոխարինելով Վալտերի Բոտասին «Մերսեդեսում»։ 25-ամյա ավտոարշավորդն առաջին հաղթանակը տարավ 2022թ․ մրցաշրջանում՝ նվաճելով Բրազիլիայի Մեծ մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում