09:05  ,  30 հուլիսի, 2023

Նարեկ Աբգարյան․ Հաղթանակս նվիրում եմ նորածին որդուս, երջանիկ եմ, որ արդեն 2 որդիների հայր եմ (ֆոտո)

Վերջին մենամարտս շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար. ռինգում այլ Նարեկ էր՝ այլ հոգեբանության եւ ինքնավստահությամբ: Ինձ շատ ուժեղ եմ զգում: Հաղթանակս նվիրում եմ նորածին որդուս՝ Գեւորգին: Երջանիկ եմ, որ արդեն երկու որդիների հայր եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նարեկ Աբգարյանը:

Հուլիսի 22-ին Կալիֆորնիայում 360 Promotion-ի կողմից կազմակերպված բռնցքամարտի երեկոյում Նարեկ Աբգարյանը անցկացրել է հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում՝ տանելով 16-րդ հաղթանակը՝ ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով պարտության մատնելով ԱՄՆ-ն ներկայացնող Մանուել Մանզոյին (9-8-3):

Նարեկ, նախ շնորհավորում եմ ընտանիքումդ երկրորդ զավակ ծնվելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ են այժ ունես:

Շնորհակալ եմ: Անչափ ուրախ եմ: Անբացատրելի զգացողություններ են: Երկրորդ որդուս ծնվելուց գիտակցականն ավելի շատ է: Առաջնեկիս ժամանակ, կարծես, այդքան  չէի հասկանում: Այժմ ամեն ինչ այլ է: Երջանիկ եմ, որ արդեն երկու որդիների հայր եմ: Ափսոսում եմ միայն, որ Գեւորգի ծնվելուց ընտանիքիս հետ չէի:

Հաղթանակս նվիրում եմ որդուս՝ Գեւորգին: Նրան անվանակոչել ենք իմ եղբոր պատվին: Ես մի անգամ այդպիսի տեսիլք եմ ունեցել եւ այժմ կրտսեր որդիս կրում է եղբորս անունը: Մի քանի շաբաթից կվերադառնամ Հայաստան, բայց կարճ ժամանակով, քանի որ պետք է նորից վերադառնամ եւ պատրաստվեմ հերթական մենամարտիս: Մինչեւ տարեվերջ եւս երկու մենամարտ պետք է անցկացնեմ:

Վերադառնալով մենամարտիդ, մեկ տարվա դադարից հետո 16-րդ հաղթանակը տարար պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպե՞ս ստացվեց մենամարտը քեզ համար:

Մենամարտը շատ լավ ստացվեց ինձ համար: Ինչպես նախագծել էինք իմ մարզիչի եւ թիմ հետ, այդպես ընթացավ: Տեխնիկական նոկաուտով հաղթեցի եւ այժմ վարկանիշով իմ քաշային կարգում աշխարհում 23-րդն եմ: Սա լուրջ տեղ է պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ես արդեն կարող եմ հավակնել մեծ մենամարտերի, աշխարհի գոտու: Այս ցուցանիշով արդեն շատ մոտ եմ մեծ գոտիների: Այժմ սպասում եմ նոր մենամարտերի: Նշեցի, որ մինչեւ տարեվերջ եւս երկու մենամարտ կանցկացնեմ, որոնցից մեկը տեղի կունենա Նյու Յորքում: Թե ովքեր կլինեն մրցակիցներս, դեռ հայտնի չի:

Ի՞նչ կասես մրցակցիդ մասին:

Մրցակիցս ներկայացնում էր ԱՄՆ-ն, բայց ծնունդով Մեքսիկայից է: Ուժեղ բռնցքամարտիկ էր, ուներ 9 հաղթանակ, 6 պարտություն, 3 ոչ-ոքի: Վերջին երեք մենամարտում հաղթել էր շատ ուժեղ, բարձր վարկանիշ ունեցող բռնցքամարտիկների: Իմ վարկանիշը միանգամից բարձրացավ նաեւ դրա շնորհիվ, որ ուժեղ մրցակիցների հաղթած բռնցքամարտիկին հաղթեցի ժամանակից շուտ: Մինչեւ այդ վարկանիշով 39-րդն էի: 

Մրցակցիս գիտեի դեռ երկու ամիս առաջ եւ երկար ժամանակ ունեի նրան ուսումասիրելու համար: Wild Card Boxing թիմը մարզիչիս՝ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ շատ լավ աշխատեց ինձ հետ, շատ ուժեղ պատրաստել էին ինձ կոնկրետ Մանուել Մանզոյի համար:

 Նա մեքսիկական ոճի բռնցքամարտիկ էր: Քայլել, հարվածել, տեխնիկան ավելի քիչ էր: Ավելի շատ կռվարար բռնցքամարտ են անում: Հենց այդպիսի մենամարտի դեմ էլ պատրաստեցին ինձ: Մարզիչս ի սկզբանե կանխատեսել էր, թե ինչ է սպասվում ինձ ռինգում, ինչպես է աշխատելու Մանզոն եւ ես ինչ հերթականությամբ պետք է հասնեմ հաղթանակի: Մենամարտն ավարտվեց մեր ուզածով: Մրցակիցս մի քանի ուժեղ հարված բաց թողեց, արդեն ընկնելու վրա էր, նրա անկյունը կանգնեցրեց 6-րդ ռաունդում:

Գոտու համար մենամարտ անցկացնելու հնարավորություն դեռ չունե՞ս:

Քանի որ մեկ տարի դադար էի ունեցել, համարվում էի պասիվ բռնցքամարտիկ, դեռ գոտու մենամարտ անցկացնելու իրավունք չունեի: Այժմ մեզ պետք էր նորմալ մենամարտ ուժեղ մրցակցի հետ, որը կակտիվացներ իմ կարգավիճակը BoxRec-ում եւ կբարձրացներ իմ վարկանիշը: Պետք էր, որ ժամանակից շուտ վերջացնեի մենամարտը:

Մեկ տարի եւ ավել մենամարտ չէիր ունեցել: Ինչպե՞ս անդրադարձավ այդ դադարը քեզ վրա ռինգում: Զգացվե՞ց: Աճ գրանցե՞լ ես:

Հոգեբանական առումով շատ մեծ փոփոխություն կա ինձ մոտ: Այս մասին միայն ես չեմ ասում, շատերն են նկատում: Մարզչական կազմը, մեր մարզադահլիճի անդամները բոլորը նշում են, որ ինձ մոտ մեծ փոփոխություն կա, ոչ թե բռնցքամարտելուս մեջ, այլ ինքնավստահության: Ավելի վստահ եմ դարձել, որն ինձ օգնում է ուշ հոգնել ռինգում: Գրեթե չեմ հոգնում: Վստահությունից նաեւ սկսել եմ ավելի ուժեղ հարվածներ անել: Երբ մարզիկի մոտ հոգեբանությունը փոխվում է, ավելի վստահ է դառնում: Երբեք այսքան վստահ չէի եղել, ռինգ չէի բարձրացրել եւ մենամարտ չէի անցկացրել:

Ի՞նչն է նպատսել այդ փոփոխությանը:  

Ինձանից մեկ քաշ բարձր շատ ուժեղ, ամերիկացի բռնցքամարտիկ կա՝ Ստեֆան Ֆուլթոնը: Նա կրկնակի աշխարհի չեմպիոն է, երկու գոտիները նրա մոտ են:

Նա նույնպես այս շրջանում պատրաստվում էր մենամարտի: Մեկ ամիս հաճախում էր մեր մարզադահլիճ, որպեսզի հատուկ ինձ հետ սփարինգ մենամարտեր անցկացներ: Նրա թիմը հայտնել էր, որ Ստեֆանը ցանկանում է ինձ հետ սփարինգներ անել: Նրա հետ աշխատանքը շատ մեծ նշանակություն ունեցավ իմ հոգեբանության փոփոխության վրա: Բարձր մակարդակով սփարինգներ էինք անում, եւ ես ուժով նրան չէի զիջում: Միայն այն, որ մեր դահլիճում 7-8 ուժեղ բռնցքամարտիկներ են մարզվում, նա հենց ինձ հետ էր ցանկանցել մարզվել, արդեն ինչ-որ բան նշանակում էր:

Այս մեկ ամիսն այնպես փոխեց իմ վերաբերմունքը իմ նկատմամբ, հասկացա, որ ինձանից մեկ քաշ բարձր, երկու գոտի նվաճած բռնցքամարտիկի հետ հավասար բռնցքամարտ եմ անում, նույնիսկ երբեմն էլ նա է ինձ զիջում: Այդպես հոգեբանությունս սկսեց փոխվել, վստահությունս ավելացավ: Մինչեւ այդ էլ բարձր էր, բայց ռինգում ավելի գերիշխում էր զգուշությունը, շուտ հոգնելու վախը: Աշխարհի կրկնակի չեմպիոնի հետ այժմ 10 ռաունդ սփարինգ եմ անում եւ ոչ մի հոգնածություն չեմ զգում: Նա ինձ օգնեց, որ ես ռինգում ավելի մեծ հավատ ունենամ իմ ուժերի վրա, մոռանամ հոգնելու մասին:

Մանուել Մանզոյի հետ մենամարտից առաջ վստահ էի, որ հաղթելու եմ: Թե ինչպես կավարտվի, նոկաուտ կանեմ, թե 8 ռաունդ մինչեւ վերջ կպայքարեմ, չգիտեի, ասում էի, որ անհնար է՝ պարտվեմ: Մտածում էի՝ չեմ կարող պարտվել, վերջ:

Այդ մեկ տարվա դադարը չզգացվեց: Ես այժմ ինձ շատ ուժեղ եմ զգում:

Համաշխարհային ռինգում ի՞նչ հետաքրքրություն կա քո քաշի, թեթեւ քաշերի հանդեպ:

Ինձանից բարձր քաշերի նկատմամբ հետաքրքրությունը, պահանջարկը շատ է բարձրացել: Մեծ գոտիների մենամարտերի հոնորարներն արդեն հասնում են 6-7 միլիոն դոլարի, այն պարագայում, երբ այսպիսի հոնորարները բարձր քաշերում են հիմնականում լինում, այն էլ հազվադեպ: Իմ քաշը, մեկ-երկու քաշ բարձրերը մեծ դիտարժանություն են վայելում հենց Ստեֆան Ֆուլթոնի, աշխարհի բացարձակ չեմպիոն, Նաոյա Ինուեի եւ նրանց նման բռնցքամարտիկների շնորհիվ: Նրանց մասնակցությամբ մենամարտերը մեծ պահանջարկ ունեն:

Այժմ ո՞ր պրոմոութերական ընկերության հետ ես աշխատում: Պայմանագիր ունե՞ս:

Ունեմ մենեջեր, ամերիկացի Ռեյչել Չարլզն է: Աշխատում ենք 360 Promotion-ի հետ, որի հիմնադիրը Թոմ Լոֆլերն է: Ամերիկյան պրոմոութերական կազմակերպություն է, որը վերջերս պայմանագիր է կնքել UFC-ի հետ եւ համատեղ մենամարտեր ու երեկոներ են կազմակերպում: Ես դեռ պայմանագիր չունեմ, ինձ միայն մենամատեր են տալիս: Չենք շտապում: Սպասում ենք ավելի լավ կետերով պայմանագրի առաջարկի: Մարզվում եմ Wild Card Boxing ակումբում, անձնական մարզիչս Ֆրեդի Ռոուչն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով