10:44  ,  22 հունիսի, 2023

Mundo Deportivo. Իլկայ Գյունդոգանը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը երկու տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

32-ամյա ֆուտբոլիստը Մյունխենում բուժզննում է անցել կատալոնական ակումբի համար եւ հանդիպում ունեցել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի հետ։ Պայմանագրով նախատեսված է, որ եթե երկրորդ մրցաշրջանում Գյունդոգանը իսպանացի Չավիի գլխավորած թիմում անցկացնի հանդիպումների 60 տոկոսը, պայմանագիրը կերկարաձգվի եւս մեկ տարով։

Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արվում, քանի Գյունդոգանը ցանկանում է «Մանչեսթեր Սիթիի» ստադիոնում հրաժեշտ տալ ակումբի երկրպագուներին։

Գյունդոգանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ կավարտվի հունիսի 30-ին, եւ նա անվճար կմիանա «Բարսելոնային»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Գյունդոգանը 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 30 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում