ԱԱ-2018. Արթուր Շահինյանը վստահ հաղթանակ տարավ առաջին սփոփիչ գոտեմարտում

13:26   27 հոկտեմբերի, 2018

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթեց լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին։ Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իրանցի Հուեսյն Ահմեդ Նուրին։ Հաղթանակի դեպքում Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուֆ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ:

Կարապետ Չալյանը եւս պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ ուժերը չափելով Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ: Այդ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի կամ խորվաթ Բոզո Ստարցեւիչի, կամ գերմանացի Պասկալ Էիսելեի հետ:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։