Էդգար Բաբայան․ Հիանալի մարզավիճակում եմ եւ կարող եմ օգնել Հայաստանի հավաքականին (ֆոտո)

19:56   6 օգոստոսի, 2018

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ, որը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Հորսենսի» դեմ ֆուտբոլի Դանիայի առաջնության երրորդ տուրի խաղում։ 

«Հորսենսի» հետ հանդիպումը բավական բարդ ստացվեց։ Առաջին խաղակեսում շատ բան չէր ստացվում, իսկ ընդմիջումից հետո հանդես եկանք 4-4-2 խաղային սխեմայով եւ խաղացինք ավելի լավ։ Երկրորդ խաղակեսում խաղացի վինգերի դիրքում։ Նախ անվրեպ իրացրեցի 11 մետրանոցը, հետո դարձա նաեւ գոլային փոխանցման հեղինակ։

Այս մրցաշրջանում իմ խնդիրն է ունենալ մշտական խաղային պրակտիկա եւ խաղից խաղ կատարելագործվել։ Այդ դեպքում սպասվում են դրական փոփոխություններ։ «Հոբրոյի» նպատակը ուժեղագույնների խմբում տեղը պահպանելն է։

Հիմա հիանալի մարզավիճակում եմ եւ լավ եմ զգում ինձ։ Հավաքականում նորամուտից առաջ հոգնած էի, քանի որ մրցաշրջանի վերջնամասն էր։ Հաջորդ հավաքին հրավիրելու դեպքում կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին Ազգերի լիգայում»,- նշել է 22-ամյա կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել էր Ավստրիայում կայացած Մալթայի հետ ընկերական խաղում (1:1)։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։