10:08  ,  30 մայիսի, 2018

Էդգար Բաբայանը՝ Հայաստանի հավաքականում նորամուտի մասին

Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր նորամուտը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Մալթայի հավաքականի հետ Ավստրիայում կայացած ընկերական խաղում 22-ամյա Բաբայանը դաշտ էր դուրս եկել 61-րդ րոպեին՝ փոխարինելով բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանին, որը եւս նորամուտը նշեց ազգային թիմում եւ դարձավ գոլի հեղինակ:

«Անցկացրեցինք անհաջող հանդիպում: Պետք է խաղանք ավելի լավ ու արագ: Ինձ համար հեշտ չէր, քանի որ դաշտ դուրս գալուցս րոպեներ անց մեր թիմը մնաց 10 խաղացողներիվ: Կարմիր քարտը փոխեց խաղը:

Վստահ եմ, որ հետեւություններ կանենք այս հանդիպումից եւ կխաղանք ավելի լավ: Այժմ մենք հիասթափված ենք, սակայն պետք է հասնենք նրան, որպեսզի այս սխալները չկրկնենք հետագայում, նույնիսկ՝ ընկերական խաղերում: Ակնակալում եմ, որ Մոլդովայի հավաքականի դեմ խաղում հանդես կգանք շատ ավելի լավ եւ կհասնենք հաղթանակի»,- զրույցում նշեց Էդգար Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն Ավստրիայում ընկերական հանդիպում է անցկացնելու նաեւ Մոլդովայի հետ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս