ԵԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակիչում է

21:22   3 օգոստոսի, 2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում օգոստոսի 3-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանն 4 ներկայացուցիչներ մեկը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, իսկ մյուս 3 ըմբիշները կպայքարեն բրոնզե մեդալների համար։

Արսեն Հարությունյանը (57 կգ) ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով հաղթեց հունգարացի Ռայմունդ Ֆարկասին: Օգոստոսի 4-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Անդրեյ Ջելեպը։

Արման Անդրեասյանը (70 կգ) եւս մեկնարկել էր 2 հաղթանակով (12:2, 3:1), սակայն կիսաեզրափակիչում 0:10 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Չերման Վալիեւին եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Արման Ավագյանը (79 կգ) եւս կիսաեզրափակիչ էր դուրս եկել 2 հաղթանակներից (10:9, 11:10) հետո, սակայն եզրափակիչի ուղեգրի համար պայքարում 5:7 հաշվով պարտվել է թուրք Ռամազան Սարիին: Նա եւս օգոստոսի 4-ին կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Բրոնզի համար կպայքարի նաեւ Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Նա  2 հաղթանակ (7:5, 12:1) տանելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում: Քանի որ Գալստյանին հաղթած մոլդովացի ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, նա հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Իտալիա են մեկնել նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 4-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.