Դել Պյերո. Մի քանի օրից Բուֆոնն այլ բան կասի մրցավարի մասին

12:45   13 ապրիլի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի վերջնամասում տեղի ունեցած դրվագին, որը վճռեց դիմակայության ելքը: Ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել Իտալիայի չեմպիոնի դարպասին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար: Խաղից հետո 40-ամյա Բուֆոնը հայտարարել էր, որ այդպիսի բան անելու համար մրցավարի սրտի փոխարեն պետք է լինի աղբաման:

«Ինձ համար բարդ է հասկանալ Բուֆոնի քննադատությունը մրցավարի հասցեին: Ես, իրոք, չեմ հասկանում Ջանլուիջիի խոսքերը: Կարծում եմ՝ մի քանի օրից Բուֆոնը բոլորովին այլ բան կասի մրցավարի մասին»,- Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում  Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան մրցավեճում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։