Ռիո-2016. Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի երրորդ արծաթե մեդալը (ֆոտո)

03:49   17 օգոստոսի, 2016

Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճեց Հայաստանի չորրորդ մեդալը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: 22-ամյա ծանրորդը երկրորդ տեղը գրավեց +105 կգ քաշային կարգում, որտեղ հանդես եկավ նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որը բավարարվեց չորրորդ տեղով:

Պոկում վարժությունում հայ ծանրորդներն արդյունավետ կատարեցին բոլոր մոտեցումները: Գոռ Մինասյանը 210 կգ-ով գրանցեց երրորդ արդյունքը, իսկ 26-ամյա Ալեքսանյանը 6-րդն էր 195 կգ-ով: Պոկում վարժությունում 216 կգ արդյունքով հաղթեց իրանցի Բեհդադ Սալիմիկորդաբասին, որը սահմանեց աշխարհի ռեկորդ, բայց հետո զրո ստացավ հրում վարժությունում:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 241 կգ եւ երկամարտի 451 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Ռուբեն Ալեքսանյանի երկամարտի արդյունքն էր 440 կգ, իսկ այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն, որը երկամարտում գրանցեց 473 կգ՝ սահմանելով աշխարհի ռեկորդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռիո-2016-ում նվաճել էր նաեւ մեկ ոսկե եւ 2 արծաթե մեդալ: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր եզրափակիչում եւ բավարարվել արծաթե մեդալով: 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էլ օգոստոսի 15-ին երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:

Ռիո-2016, ծանրամարտ

Տղամարդիկ, +105 կգ

1. Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 473 կգ (պոկում՝ 215+ հրում՝ 258)

2. Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 451 կգ (210+241)

3. Իրակլի Տուրմանիձե (Վրաստան)՝ 448 կգ (207+241)

 4. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 440 կգ (195+245)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։