Յուրի Ջորկաեֆ. Շատ կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կենտրոնում կրակը, լույսը երբեք չի մարում

15:02   1 հոկտեմբերի, 2015

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեսա շատ երեխաների։ Հպարտ եմ եւ ուրախ, որ այդքան երեխաների տեսա այստեղ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը, ով սեպտեմբերի 30-ին ժամանել էր Երեւան։

Լեգենդար ֆուտբոլիստը  Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայկական արմատներ ունեցող Ջորկաեֆը Ծիծեռանակաբերդում անմար կրակի մոտ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, տեւական ժամանակ կանգնեց անմար կրակի մոտ, ապա դուրս եկավ հուշամալիրից։ Մեկ րոպե անց կրկին վերադարձավ մի խումբ երեխաների հետ, ովքեր եկել էին հուշամահամալիր, եւ նրանց այցելությունը պատահաբար համընկավ հայտնի հյուրերի այցելության հետ։ Յուրի Ջորկաեֆը, տեսնելով փոքրիկներին, նրանց հետ վերադարձավ անմար կրակի մոտ։

«Սա իմ երրորդ այցն է Հայաստան։ Նախկինում եկել եմ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Ժիրակի եւ Նիկոլա Սարկոզիի հետ: Այս անգամ այլ նպատակներ ունեմ, սա իմ մասնավոր այցն է։ Եվ ես ժամանակ ունեմ շրջելու Հայաստանում, հանգստանալու։ Եկա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շատ կարեւոր է, որ հուշահամալիրի կենտրոնում կրակը, լույսը երբեք չի մարում։ Այնտեղ տեսա շատ երեխաների, ինչն ինձ ուրախացրեց։ Հպարտ եմ, որ հուշահամալիրում այդքան երեխաների տեսա, դա կարեւոր է, այս կրակը երբեք չի մարի»,- ասաց Յուրի Ջորկաեֆը։

Ֆրանսահայ ֆուտբոլիստը այցելեց  նաեւ Ցեղասպանության թանգարան։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու նպատակով: 

Երեւանում Յուրի Ջորկաեֆը մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Ջորկաեֆը հանդես է գալու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում, իսկ լրագրողների թիմում խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.