Յուրի Ջորկաեֆը՝ Ծիծեռնակաբերդում (ֆոտոշարք)

13:50   1 հոկտեմբերի, 2015

Երեւան ժամանած ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին ուղեկցում էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, որի հրավերով է Ջորկաեֆը Հայաստանում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Էմմիյանը նշեց, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստը զգացված է Հայաստանում այսպիսի ջերմ ընդունելություններից ու վերաբերմունքից:

Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանին ընդունել էին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար: Երեւանում նա մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Ջորկաեֆը հանդես է գալու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում, իսկ լրագրողների թիմում խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։