Եվրոպական խաղեր. Նարեկ Աբգարյանը եւս պարտվեց (ֆոտո)

12:49   23 հունիսի, 2015

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը եւս լսեց պայքարը:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային գոտեմարտում 2:1 հաշվով հաղթել էր հունգարացի Նանդոր Ցոկային, սակայն քառորդ եզրափակիչում հունիսի 23-ին 1:2 հաշվով պարտվեց սլովակ Ուիլիամ Տանկոյին: Առաջին ռաունդում հաղթեց սլովակ բռնցքամարտիկը, իսկ երկրորդում՝ Նարեկը: Վերջին ռաունդում մրցավարներն ավելի շատ միավորներ տվեցին Ուիլիամ Տանկոյին, ով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները՝ Ժաննա Ստանկեւիչը (52կգ) Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ) հունիսի 25-ին եւ 26-ին հանդես կգան ձյուդոյի մրցաշարում: Հայ ձյուդոիստները հունիսի 23-ի առավոտյան ուղեւորվել են Բաքու:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.