Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (ֆոտո)

20:09   6 ապրիլի, 2014

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. փոխչեմպիոն:

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության 75 կգ քաշայիննների եզրափակիչում Ջուլֆալակյանը 3:4 հաշվով պարտվեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդում Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 3 միավոր, սակայն ավելին անել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ աշխարհի 2013թ. առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով խորվաթ Նեւեն Զուգաջին (6:0), ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), շվեդ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0) ու դանիացի Մարկ Մադսենին (2:2), հնարավորություն էր ստացել պայքարել ոսկե մեդալի համար:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 6-ին, պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները մեդալներ չէին նվաճել: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Ձեմյանովիչին, 80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը լատվիացի Ցեսլավս Բեստենիսին ու ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր վրացի Գիորգի Ցիրեկիձեին, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում հունգարացի Վիկտոր Լորենցից ուժեղ գտնվելուց հետո 1/4 եզրափակիչում պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:

Ուկրաինան ներկայացնող 71 կգ քաշային Արմեն Վարդանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց 0:8 հաշվով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով: Ապրիլի 5-ին ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով երրորդ տարին անընդմեջ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը Վանտաայում նվաճել էր 3 մեդալ՝ մեկ արծաթե եւ 2 բրոնզե: 

 




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։